Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ:
Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությունն առավել սերտացնելուն և այն ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձևաչափը կնպաստի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաև խմբակցության աշխատանքներին և օրենսդրական գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6֊րդ փառատոնի, ինչպես նաև մեր երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը կարևորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։