Ասում են՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այնքան է անհանգստացած դաշնակից երկրում՝ Իսրայելում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և հատկապես Թրամփ ընտանիքի լավ բարեկամ Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի ճակատագրով, որ նոր որակի աջակցություն է նախապատրաստում վերջինի վերընտրվելն ապահովելու համար:
Արդեն իսկ գրեթե որևէ կասկած չկա, որ Իսրայելը գնում է նոր՝ 1 տարվա ընթացքում արդեն երրորդ արտահերթ ընտրություններին, որոնք, մեծ հավանականությամբ, կայանալու են 2020թ. մարտի սկզբին: Հարկ է նշել, որ Թրամփի վարչակազմի կողմից նախկինում կայացված բավական կարևոր, անգամ պատմական նշանակության որոշումների (ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու, Գոլանի բարձունքներն Իսրայելի անքակտելի մաս ճանաչելու, ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու վերաբերյալ և այլն) զգալի ազդեցության պարագայում նույնիսկ Նեթանյահուին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Նոր ընտրություններին ընդառաջ, մի շարք աղբյուրների հավաստմամբ, Նեթանյահուին ուղղակիորեն աջակցելու են Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի լավագույն մասնագետները՝ ընտրարշավում կարևոր դիրքեր զբաղեցրած Կորի Լևանդովսկին և Դևիդ Բոսսին, որոնք արդեն առաջիկա օրերին կայցելեն Իսրայել:
Ինչ վերաբերում է Իսրայելի ներքաղաքական իրավիճակին, ապա գործող վարչապետի վարկանիշի շարունակական անկման պարագայում տեխնիկական թիմի նման թարմացումն, անխոս, բավական կարևոր է: