Դեկտեմբերի 8-ին Սիրիայի տարածքում կրկին թիրախավորվել են Իրանի դիրքերը։ Ամենայն հավանականությամբ, իսրայելական օդուժի կողմից նախ հարված է հասցվել սիրիա-իրաքյան սահմանամերձ գոտում՝ Դեյր Զոր նահանգի ալ-Բուքամալ շրջանում տեղակայված իրանական հենակետերին, որի հետևանքով զոհվել է 5 իրանամետ զինյալ, տեխնիկական վնասների մասին հստակ տեղեկատվություն չկա։

Շատ ավելի ուշագրավ զարգացումներ են տեղ գտել կենտրոնական Հոմս նահանգում տեղակայված ռազմավարական նշանակության Т4 ավիաբազայի շուրջ։ Ըստ մի շարք հետախուզական աղբյուրների՝ ռուսական օդուժը եզակի անգամ սիրիական հակամարտության ընթացքում խոչընդոտել է իսրայելական ՌՕՈւ-ին՝ թիրախավորել նշված ավիաբազան, որտեղ տեղակայված են իրանական Bavar-373 (ռուսական С-300-ների համակերպը) համակարգերը։

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, իրանական նշված համակարգերի թեման շոշափվել է նաև Իսրայելի վարչապետ Բ․Նեթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի միջև վերջին հեռախոսազրույցի ընթացքում, որն, ի դեպ, տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ մինչև ձախողված ռազմագործողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել