Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ երախտագիտությամբ նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ ջերմ վերաբերմունք Է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և աջակից եղել նրան: Նախագահն ասել է, որ շատ կառուցողական քննարկում է ունեցել թագավորի հետ և ակնկալում է Նորին Մեծությանն առաջիկայում հյուրընկալել Հայաստանում:

Նախարար Այման Սաֆադին հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցների խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում և կարևորել են գործնական քայլերի իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել