Նոյեմբերի 30-ին թուրք-հունական սահմանին գտնվող Իպսալա քաղաքում տեղի ունեցավ Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) շինարարության ավարտն ազդարարող հանդիսավոր արարողությունը և 2020թ. նախատեսվող «Հարավային գազային միջանցքի» նախագծի գործարկումով արդեն ադրբեջանական գազի արտահանվելու է դեպի Եվրամիության երկրներ։ Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունենալու «Թուրքական հոսք» գազատարի բացումը, որով ռուսական գազը կհասնի Թուրքիա, ապա՝ Հարավային և Արևելյան Եվրոպա:
Այս էներգակիր նախագծերը ունեն տարածաշրջանային մեծ նշանակություն, և քանի որ դրանցում Թուրքիան և Ադրբեջանը ունեն մեծ դերակատարություն, նշանակում է, որ այդ երկու երկրների աշխարհաքաղաքական դիրքերն ուժեղանալու են։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ Հայաստանի համար, ուստի լուրջ խնդիր է այն հարցը, թե ի՞նչ քայլերի պետք է գնա Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու համար։