168.am-ը գրում է.

Միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։

Իր ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին Նիկոլ Փաշինյանի քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։

Փաշինյանի խոսքով՝ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։ Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։

Ինչևէ, փորձենք համեմատականներ անցկացնել, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետի պաշտոնում մեկուկես տարի կառավարող Նիկոլ Փաշինյանի գործուղումների արդյունքում՝ դրանք համադրելով նախկին «կոռումպացված» համակարգի գործուղումների հետ։

ՀՀ ռազմավարական դաշնակից և հիմնական գործընկեր Ռուսաստանի ուղղությամբ ուշադիր հետևելով՝ ունենում ենք հետևյալ պատկերը․ այս պարագայում պետք է փաստենք, որ Փաշինյանի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ իշխանություններին։

Հավելենք, որ իր թվով 9 այցերի ընթացքում Փաշինյանը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց:

Փաստենք նաև, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքական դաշտում ամենահակառուսական քաղաքական գործիչն էր, որ իր բազմաթիվ ելույթներում առիթը բաց չէր թողնում Ռուսաստանի վրա հերթական ցեխը շպրտելու և տարբեր տիպի «զավթողական քաղաքականություն» վարելու մեջ մեղադրելու համար (Ապրիլյան պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար, ՀՀ-ին պարտադրվել է մտնել ԵԱՏՄ՝ գազի գնի բարձրացման սպառնալիքով, ՀԱՊԿ-ն ՌԴ շահերը սպասարկող կառույց է, և այլն. սրանք այն մի քանի թեզերն են, որոնք առավել ակնհայտ կերպով ընդգծում են Նիկոլի հակառուսականությունը)։

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում  Փաշինյանը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։

Այս ֆոնին հավելենք, որ ի տարբերություն Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո, հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Փաշինյանի վարչապետությունից հետո նույնիսկ չի սկսել իրականացվել և մեկուկես տարվա ընթացքում դեռևս չի վավերացվել 12 պետությունների կողմից։ Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցին, պետք է արձանագրենք, որ այցի շրջանակներում կնքվել են տասնյակ պայմանագրեր, ինչպիսք են` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքվել են նաև այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում: Համեմատելով Սարգսյանի Չինաստան այցը Փաշինյանի Պեկին կատարած այցի հետ՝ կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանի այցը չուներ նման հագեցվածություն:

Ավելացնենք, որ «հեղափոխականների» հետ երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Փաշինյանը նաև ներկա է գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը և գալա համերգին:

Հիշեցնենք, որ Փաշինյանի վարչապետության օրոք չեղարկվել է Երևանի և Պեկինի միջև վիզային ռեժիմը, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի, և այդ ձեռքբերումը որևէ առնչություն չունի «թավշյա» թիմի կողմից կատարված աշխատանքների հետ (Նիկոլն ու թիմակիցները վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին իշխանությունների կողմից կնքված ու նախնական համաձայնության փուլում գտնվող բոլոր հարցերը վերագրում են իրենց՝ դառնալով դրանց լիիրավ տերերը, իսկ յուրաքանչյուր ձախողման մեջ փորձում են մեղավոր ու պատճառ դարձնել հակահեղափոխականների «հակապետական» քայլերը):

Ձախողված և գերթանկարժեք այցերի շարքին կարելի է դասել նաև ԱՄՆ կատարած այցը, որի չարտերային չվերթի համար պետբյուջեից ծախսվել է 330 հազար դոլար։ Այդ այցին Փաշինյանը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստել, որ այնուամենայնիվ այցի արդյունքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Փաշինյանն իր հետ Հայաստան չէր բերել:

Ավելին, բացի ՄԱԿ-ում ունեցած իր ելույթից, նա ոչ մի պաշտոնական ընդունելություն չունեցավ՝ հանդիպելով միայն տեղի հայ համայնքի հետ։

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու հայտնի կոչից հետո բավականին հետաքրքիր զարգացումներ սկսեցին տեղի ունենալ նրա արտասահմանյան այցերի հետ կապված, քանի որ տևական ժամանակ նա չէր այցելում եվրոպական երկրներ, միայն վերջերս Փաշինյանն իր այցերի վեկտորն ուղղեց դեպի Եվրոպա՝ այցելելով Իտալիա։

Հանրությանն այնքան էլ հասկանալի չէին այն նպատակները, որոնք ստիպել էին վարչապետին մի քանի օր անցկացնել Իտալիայում (այց Սուրբ Ղազար կղզի, Լա Սկալա օպերա): Իսկ Սենատի նախագահի հետ ունեցած հանդիպումը, որի ընթացքում մի քանի սկանդալային միջադեպերը (հայելու առաջ սանրվելը, Սենատի նախագահին ձեռքով չբարևելը, անընդհատ ժամացույցին նայելը և այն) խոսում են, որ այս այցը հերթական արհեստական այցն էր և բովանդակային ոչ մի ձեռքբերում, ու մեծ ակնկալիք այդ այցից չի կարելի սպասել։

Եթե այս այցի հետ համեմատենք  Սերժ Սարգսյանի 2015 թվականի այցը Իտալիա, որի ընթացքում Սարգսյանը հանդիպում էր ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ, Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո, վերջապես, Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին, առանձնազրույց ունեցել նրա հետ, ապա ըստ էության ավելացնելու ոչինչ չկա: Այսինքն` այս առումով Փաշինյանի և Սարգսյանի կատարած այցերի անարդյունավետությունն ակնհայտ է: Նիկոլը ժամանակին բացահայտ թիրախավորել էր Սերժին՝ «զրո արդյունք տվող» արտասահմանյան գործուղումների համար, այստեղ պետք է նշենք, որ ներկայումս մենք տեսնում ենք, որ Նիկոլն ինքը ոչնչով չի փայլում, ավելին՝ ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել