Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի մարզերում բնակվող ստեղծագործ երիտասարդները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքներում զարգացնելու ստեղծագործական հմտություններն ու սովորել իրենց ոլորտի լավագույն մասնագետներից:                                                                                                

Ավտոբուս, որի մեջ նստարանների փոխարեն կարի մեքենաներ են, համակարգիչներ, արհեստագործական ամենատարբեր գործիքներ. սա ոչ թե երևակայական փոխադրամիջոց է, այլ «Նորաձևության և դիզայնի պալատի» հերթական նախաձեռնությունն իր գործընկեր Դիլիջանի «MADE» արհեստագործական պլատֆորմի հետ համատեղ:

Այսօր մեկնարկեց ««Syllabus» ստեղծագործ քարավան» նախագիծը, որի ընթացքում ցուցադրվեց «վերազինված» ու նոր նշանակություն ստացած ավտոբուսը: Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ֆինանսավորմամբ:   

Ստեղծագործ շարժական քարավանի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը և ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ, ինչը պահանջում է ժամանակակից շուկան:

«Եվրոպական միության երկրներում խիստ կարևորվում է աջակցությունը փոքր ընկերություններին, որոնք բարիք են ստեղծում մարդկանց համար, ինչը կարևոր է տվյալ երկրի տնտեսության զարգացման համար: Իսկ Հայաստանում մեզ համար շատ կարևոր է համայնքների զարգացումը, և այս նախաձեռնոթյունը, որը նաև շատ կրեատիվ է, ուղղված է հենց դրան: Հուսով ենք՝ այն կհաջողի և շարունակական կլինի»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված շարժական արհեստանոցը՝ անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով համալրված, շրջելու է ՀՀ մարզերում: Տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներն էլ մարզաբնակ ստեղծագործողների համար կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր, վերապատրաստում: Առկա գործիքակազմն էլ թույլ կտա տեղում իրականացնել գործնական պարապմունքներ: Շարժական աշխատարանը կծառայի որպես ուժեղ և ճկուն գործիք` համայնքից համայնք տեղափոխվելու և տեղական արհեստավորների հետ աշխատելու, իրենց հմտությունները և գիտելիքները զարգացնելու համար:

«Այս ծրագիրը շատ կարևոր կրթական կոմպոնենտ ունի: Երևանից դուրս բավականին մեծ թվով տաղանդավոր ստեղծագործողներ կան, ովքեր որոշ հմտությունների ձեռքբերման կարիք ունեն: Օրինակ՝ ինչպես ներկայացնել իրենց աշխատանքը, գովազդել, վաճառել և գտնել գործընկերներ, ինչպես կառավարել և այլն: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք այդ բացը լրացնել»,- ներկայացնելով ծրագիրը՝ նշեց «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը:

Նշենք, որ ստեղծագործ քարավանն իր ակտիվ գործունեությունը կսկսի առաջիկա ամիսներին, առաջին կանգառն էլ կլինի Դիլիջանը՝ իր հարակից համայնքներով:     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել