Ադրբեջանի նախագահն իր ելույթում կրկին անդրաձարձել է Հայաստանին, մեր ներկա և նախկին իշխանություններին, Նժդեհին և մեր «ֆաշիստական պետությանը»:
Առանձնացնեմ հիմնական կետերը, որոնց վրա մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք մեր հետագա «ռևերանսների» և «բոլոր կողմերի համար ընդունելի» տարբերակների մասին բարձրաձայնելիս:
Ալիևը կրկին հիշել է Վալդայ ակումբի իր ելույթը՝ չմոռանալով ընդգծել Ադրբեջանի «բացառիկությունը» հրավիրված լինելու պարագայում և կրկին շեշտել «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» միտքը, ինչը, ինչպես հիշում եք, արդեն օգտագործվում է տարբեր ակցիաների և ցուցապաստառների միջոցով: Այսպիսով՝ նա չի հրաժարվում այս մոտեցումից և որևէ պարագայում:
Ալիևն անդրադաևձել է Նժդեհին, իսկ այդ համատեքստում նաև մեր` «ֆաշիստակա պետություն» լինելու փաստին: Բնական է, որ այս թեման տաք պահելը նոր հնարք է, սակայն այստեղ կարևորը այն է, որ Ալիևը հասարակության ենթագիտակցության մեջ սկսել է նույնացնել Հայաստանի ներկա և նախկին իշխանություններին՝ դրանով լեգիտիմացնելով տարիներ շարունակ գեներացված հակահայկական ագրեսիայի և ատելության տարածումը նաև «ներկա Հայաստանի» վրա:
Ալիևը նշել է, որ խոսում է իսլամական պետությունների ղեկավարների հետ և հարցնում նրանց, թե ինչպես են գրկախառնվում մի պետության հետ, որն ավիրել է իսլամական մզկիթներ: Սրանով Ալիևը հակամարտությանը տալիս է կրոնական երանգ, ինչի վտանգը ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ներքո առավել, քան ակնհայտ է:
Ալիևն այս ամենի մասին խոսում է ուսանողների հետ, հասարակության այն խավի, որն առավել ճկուն է իր միջազգային կապերում, ուստի և նրանց դարձնում է իր գաղափարների տարածողը այլ, այդ թվում՝ և միջազգային շրջանակներում:
Հ.Գ. Իհարկե, ցավով և վրդովված եմ նշում, բայց, այնուամենայնիվ, չանտեսենք, որ Ալիևը, օրինակ բերելով Փաշինյանի պատասխանները Նժդեհի մասին, հորդորել է ուսանողներին լավ սովորել, պատմությունը լավ իմանալ, որպեսզի ապագայում չհայտնվեն ծիծաղելի դրության մեջ: Ստացվում է, որ Ալիևն իրեն թույլ է տալիս Բաքվի համալսարանի ուսանողների ներկայությամբ մեղադրել Փաշինյանին պատմությունը լավ չիմանալու մեջ: Ու դա ասում է պատմությունն ու աշխարհագրությունն ամբողջությամբ սրբագրած և իրեն հարմար ձևով ներկայացրած մեկը:
Հուսով եմ՝ հաջորդ անգամ կարելի է մի փոքր ավելի երկար մտածել Հեյդար Ալիևի սանձարձակ որդուն «կիրթ» անվանելուց առաջ: