ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս և ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար և հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը ևս շուտով կհետևի այս քայլին:

Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան և մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Պետր Միկիսկան իր ներդրումը կունենա այս գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարևոր են և խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի և մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Պետր Միկիսկան ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն և կարևորել է առևտրատնտեսական գործակցության ընդլայնումը: Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության Արևելյան գործընկերության ձևաչափում զարգացնել կապերը և կօգնի Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել