Ժողիշխանությանս պրոպագանդողները ու «թավշամաղձ» պրոպագանդան տրամաբանության ու պատճառահետևանքային կապի հետ ակնհայտ խնդիրներ ունեն:
Խնդրեմ. Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի համաժողովին իշխանական ճամբարի ու իշխանության չիրլիդինգի (գռուպպա պադձեռժկի-ն էլի) վայրիվերո արձագանքը ասվածի վառ վկայությունն է:
Դե, իշխանության վախերի մասին, ու ոչ միայն իմ գրառման մեջ, արդեն խոսվել է: Դա, հասկացանք, գնահատեցինք, անցանք առաջ:
Հիմնականը. Իշխանական քարոզիչները մի հանգի այն են կրկնում, թե «Վերնատանը» մերժված քաղաքական գործիչները և ուժերն են հավաքվել: Մի հարցնող լինի. բա որ մերժված են (ենթադրվում է՝ հասարակության կողմից), էլ ինչի՞ կամ խի՞ եք իրար խառնվել, ձեռուոտ ընկել: Բա մերժվածների վրա այդքան կկենտրոնանա՞ն:
Իսկ իրար եք խառնվել, որովհետև, նախ, մերժվածության թեզը խախուտ է, երկրորդ՝ երեկ մերժված էին, վաղը կարող է և ընդունելի լինեն: Ի վերջո, խալխը, եթե կուզեք՝ հասարակությունը սկզբում ծափահարել է Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո սուլել ու «Լե-վոն, հեռացի՛ր» արել, հետո էլի նորից՝ «Լե-վոն, Լե-վոն» վանկարկել։ Խալխը սուլել է Կարեն Դեմիրճյանին, իսկ հետո նորից նրա հետ հույսեր կապել: Այսինքն, բազմության վերաբերմունքն ու ընկալումները փոփոխական են: Այն էլ ինչպե՜ս են փոփոխական: Տեղին է ասել՝ մի՛ մերժվիր, որ չմերժվես:
Մեկ այլ խնդիր. եթե քաղաքական բոլոր հնարավոր ընդդիմախոսներին, քննադատներին ու ձերինից տարբերվող տեսակետ ունեցողներին հետևողականորեն մերժում ու վանում եք, նրանք, բնականաբար, պիտի համախմբվեն, վաղ թե ուշ: Ի վերջո, իրենց միավորող շատ բաներ կան՝ պետության ճակատագրի համար անհանգստությունը, փորձը, քաղաքական միտքը, գաղափարը, իշխող ինքնահավանիկների կողմից «մերժված» լինելը, վերջապես:
Հա, մի քանի տեղ էլ նկատեցի, իշխանության այսպես ասած «երկրորդ-երրորդ» էշելոնի քարոզիչների կողմից շրջանառության մեջ դրված քարոզչական ձևակերպում, թե (1000 ներողություն)՝ «Վերնատանը» քաղաքական մեռելներ են: Դե, նիկոլական քարոզչությունը շատ է սիրում բառի ուղղակի իմաստով «սև» քարոզչությունը: Բայց, եթե իսկապես այդ մտքին եք, թե «Վերնատանը» քաղաքական մեռելներ են հավաքվել, դո՞ւք ինչի եք վրա տվել: Դուք, ի՞նչ է, քաղաքական լեշակե՞ր եք:
Կարճ ասած, ձեր քաղաքական բանը բուրդ է, եթե երկու-երեք տասնյակ քաղաքականապես դիրքորոշված գործիչների հավաքույթի փաստից միայն էդպես իրար եք խառնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել