Լեհաստանում Մազուրյան ռազմական թանգարանի աշխատակիցները պեղումների ժամանակ բանջարանոցի հետքեր են հայտնաբերել, որը Հիտլերին ապահովել է թարմ կանաչեղենով և բանջարեղենով, հաղորդում է Fox News-ը:

Բանջարանոցը հայտնաբերվել է Ֆյուրերի հիմնական կացարանից մոտ 300 մետրի վրա:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են այգեպանների տների հիմքերը, երկու ջերմոց, ստորգետնյա կաթսայատուն, որը ջերմոցներին տաք ջուր և օդ է մատակարարել:

Բուսակեր, չծխող և չխմող Հիտլերի համար բանջարանոցը կարևոր օբյեկտ էր:

Հիտլերը վախենում էր թունավորումից, այդ պատճառով հատուկ համտեսներ էր պահում, որոնք նախօրոք փորձում էին բոլոր մթերքները, այդ թվում նրանք, որոնք աճեցվում էին հատուկ բանջարանոցում:

Համտեսներից մեկը 2013 թվականին հարցազրույց էր տվել և պատմել, որ սնունդը շատ համեղ էր. միայն լավագույն բանջարեղեն, սպանախ, քաղցր պղպեղ՝ միշտ մակարոնի կամ բրնձի հետ:

«Գայլի որջը» պատմության մեջ մնացել է որպես Հիտլերի վրա անհաջող մահափորձի վայր: 1944 թվականի հուլիսի 20-ին գնդապետ Քլաուս ֆոն Շթաուֆենբերգը կոնֆերանսների դահլիճում ռումբ պայթեցրեց: Ֆյուրերը ողջ մնաց, իսկ նրա վրա մահափորձից հետո մոտ 5000 մարդ գնդակահարվեց, այդ թվում՝ ֆոն Շթաուֆենբերգը:

Հիմա «որջը» թանգարանային համալիրի է վերածվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել