Երբ ամիսներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց «Կոնսենսուս մինուս մեկ»-ի գաղափարը, շատերը դրան թերահավատորեն էին մոտենում՝ նկատի ունենալով նրա անօրինական կերպով կալանքի տակ պահվելու փաստը:

ԿԳՄՍ նախարարության վերջին նախաձեռնությունների դեմ ՀՅԴ երիտասարդական թևի գլխավորությամբ հանրային բողոքի ալիքի ձևավորումից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը նույնպես օրերս առաջ ընդգծեց «ազգային ճակատ»-ի ստեղծման անհրաժեշտությունը:

Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի՝ Երևանում գումարած խորհրդաժողովը Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած «Կոնսենսուս մինուս մեկ»-ի ու ՀՅԴ-ի պատկերացրած «Ազգային ճակատ»-ի ստեղծման ուղղությամբ վերցված առաջին կարևոր քայլն էր:

Վազգեն Մանուկյանի «Վերնատուն»-ը կարելի է Հայաստանում քաղաքական ընդդիմադիր ուժերին մեկ ճակատում ու մեկ գաղափարի շուրջ համախմբելու աննախընթաց քայլ համարել: Աննախընթաց այն առումով, որ եթե բացառենք 1988 թվականի շարժումն ու Արցախի ազատագրման համար մղված գոյամարտը, Հայաստանի վերջին շրջանի պատմության ընթացքում չի եղել դեպք, երբ քաղաքական ամենատարբեր ու երբեմն նույնիսկ իրար հակասող գաղափարներով նման քանակությամբ քաղաքական ընդդիմադիր ուժեր ու գործիչներ (սկսած Ռոբերտ Քոչարյանի աջակիցներով ու վերջացրած Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ով) համախմբված լինեն նույն գաղափարի ու նպատակի շուրջ:

«Վերնատուն» ակումբի ստեղծման և քաղաքական ընդդիմադր ուժերին մեկ ճակատում համախմբելու համար Վազգեն Մանուկյանից առաջ շնորհակալ պիտի լինել հենց Նիկոլ Փաշինյանին, ում վարած ապաշնորհ, ազգային ու հոգևոր արժեքները սպառնացող ու քաղաքական հաշվեհարդարներով առաջնորդվող քաղաքականությունը նման համախմբման համար շարժառիթ ստեղծեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել