Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը:
«Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն,-դիմելով Հունաստանի նախագահին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:-Մեր ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն: Ունեցել ենք և՛ մեծ հաղթանակներ, և՛ մեծ դժբախտություններ՝ շատ հաճախ միասին: Ձեր այցելությունն այսօր Հայաստանի Հանրապետություն նաև պատմական է, քանի որ մենք ոտք ենք դնում նոր՝ 21-րդ դար: Աշխարհը փոփոխվում է և փոփոխվում է շատ արագ, սակայն այն ժողովուրդները, որոնք ունեն համատեղ աշխատելու, պայքարելու և՛ պատմություն, և՛ ցանկություն, հանդես են գալու որպես հաջողակ երկրներ և դժվարին պայմաններում, անընդհատ փոփոխվող իրավիճակներում կարողանալու են գտնել ճիշտ որոշումներն ու ճիշտ լուծումները»:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես հետաքրքիր է համարել Հունաստանի՝ որպես Եվրամիության անդամ երկրի և Հայաստանի՝ որպես Եվրամիության հետ ավելի խորը հարաբերություններ ստեղծող ու ԵԱՏՄ անդամ երկրի փորձերը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ամուր են և խորը: Մենք ունենք հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: Մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց ունենք նաև ընդհանուր ցավ: Մենք բավականին լավ գիտենք և գիտակցում ենք անկախության ու ժողովրդավարության արժեքը և Ցեղասպանության ճանաչման համար պայքարի կարևորությունը», -ասել է նա: