BlogNews.am-ն արդեն պատմել էր, որ «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության աջակցությամբ հայ դիզայներները մասնակցել են Միլանում կայացած ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել են իրենց մոդելավորած հագուստները: Հայաստանից Միլան մեկնել էին Արևիկ Սիմոնյանը, Թերեզա Ղարաբաղցյանը, Դամիան Հովհաննիսյանը, Սոնա Հակոբյանը, Ռուզաննա Վարդանյանը, Ինգա Մանուկյանը, MADE արհեստագործական հարթակի ներկայացուցիչները։ Նրանցից շատերն առաջին անգամ էին մասնակցում:

Վահան Խաչատրյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամվա այցը նաև ուսուցողական նպատակ ուներ: «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության նախագծերից մեկը Creative Hub-ի ստեղծումն է Հայաստանում, որն արդեն երկար ժամանակ է՝ նախագծային փուլում է. «Դիզայներների խումբը, ովքեր ցուցահանդեսին մասնակցում էին, հնարավորություն ունեցան հանդիպելու Միլանի Creative Hub-ին, որը կոչվում է Baza Milano, և ծանոթացան նրանց աշխատելաոճին, շենքին, որի կոնցեպտը շատ նման է նրան, թե ինչ ենք մենք ուզում ստանալ»:

Վահանը նշում է, որ շատ երկրներում նման հաստատություններ կան, և այս այցի ժամանակ կարևոր էր, որ դիզայներներն իրենք էլ տեսնեին այդ տեսակի հաստատությունները․ «Նմանատիպ փոքր Hub-ի հանդիպում ունեցանք, որը Ֆլորենցիայի կողքը՝ Պրադո քաղաքում է: Նրանք ավելի կենտրոնացած են տեքստիլի վրա: Նորարարական մեթոդներով, հիմնականում ձեռքի աշխատանքով նոր կտորներ ստանալու լաբարատորիա է»:

Արդեն չորրորդ տարին է, որ Հայաստանը մասնակցում է Միլանի ցուցահանդեսին. «Նախ՝ տասը դիզայներ պետք է մասնակցեր, բայց վերջին պահին տեխնիկական պատճառներով Արիգան հրաժարվեց, քանի որ պետք է ԱՄՆ մեկներ: Այս տարի ունեինք նորություն․ մեզ հետ տարանք աքսեսուարներ արտադրող դիզայներ և MADE-ը, որը Դիլիջանի նախագիծն է: Նրանց արտադրանքն այնքան հավանեցին Միլանում, որ ամենաշատ պատվերները նրանք ունեցան: Մեզ համար դա շատ լավ ցուցանիշ էր, որ հնարավոր է շրջանի արտադրանքը հասցնել Իտալիա և ստանալ բարձր գնահատական»:

Այն հարցին՝ իսկ ինչպես են ընտրվում դիզայներները, Վահանը պատասխանեց. «Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ նույն մարդիկ են մեր բոլոր նախագծերում: Ընտրությունը կատարվում է Միլանից, որովհետև ցուցահանդեսի կազմակերպիչներն ունեն շատ խիստ պահանջներ, որոնց պետք է համապատասխանես: Եթե անցյալ անգամները շատ խիստ էր, և մենք կարող է՝ քսան դիզայների պորտֆոլիո ուղարկեինք, և չորսը ընտրվեր, երկրորդ անգամ՝ վեց, ապա այս անգամ մենք խնդրեցինք, որ այդ պահանջներն ավելի մեղմ լինեն, քանի որ կան սկսնակներ, կան մարդիկ, որոնց մենք ենք հավատում, և այս տարվա ցուցակը մի քիչ ավելի լայնացավ, ու կարողացանք ավելի շատ մարդ տանել»:

Վահանը նշում է, որ այս ցուցահանդեսները դիզայներների համար լավ հնարավորություն են՝ հասկանալու տեղի շուկայի պահանջները. «Օրինակ՝ Արևիկը (KiveraNaynomis) առաջին մի քանի տարին ներկայացնում էր երեկոյան զգեստներ, որոնք, ինչպես գիտեք, շատ գեղեցիկ են, բայց դրանք ցուցահանդեսի ֆորմատին համապատասխան չէին, որովհետև այնտեղ եկող գնորդները հիմնականում առօրյա հագուստ են ուզում ձեռք բերել: Այս անգամ Արևիկը փոխել էր ֆորմատը և ուղարկել հիմականում շապիկներ՝ իր ոճի մեջ: Մենք, իհարկե, դիզայներներին մոտավորապես ներկայացնում ենք, թե ինչ են ուզում դրսում տեսնել: Ինձ թվում է՝ այս ցուցահանդեսից ստացած օգուտը պետք է լինի ոչ թե այն, թե ով ինչքան հագուստ վաճառեց, այլ ով ինչ սովորեց»:

Հայկական դիզայներներով հետաքրքրված է նաև միջազգային մամուլը. «Այս անգամ կրկին Vogue-ի խմբագիրը եկավ մեր հարթակ: Նրանք պարտադիր փոսթեր են անում իրենց ինստագրամյան էջերում: Հավանել էին Damian-ի բաճկոնները, որովհետև նրանց համար հետաքրքիր էր, որ լուսանկարիչը դարձել է դիզայներ և իր լուսանկարներն է օգտագործում բաճկոնների վրա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել