Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Ժամանակակից հայ ազգայնականության հոգևոր հայրերից ու ճարտարապետներից մեկի՝ Ռափայել Պատկանյանի «Արի, իմ սոխակ» ստեղծագործության իմաստը հասկացե՞լ եք: Որ կատարում եք այս երգը, իմաստը հասկացե՞լ եք: Պատկանյանը քարոզում ու պատգամում էր զինվորներ դաստիարակել, որ հայրենիքն ազատագրեն ու հայրենիքի սահմանները պաշտպանեն: Որպես ի՞նչ եք կատարում այս երգը, ո՞ր ինչ լինի, ի՞նչ եք քարոզում, իմա՞ստը, պարոն Թանկյան, իմա՞ստը:

Երգում եք՝ «Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր, ունեմ հանգրվան, ունեմ օթևան: Ազատ հայրենիք, երջանիկ երկիր...»: Որտե՞ղ, Կալիֆոռնիայո՞ւմ: Լավ, թող այդպես լինի, հարց չկա, ի վերջո, ամեն մեկն ինքն է որոշում, թե որն է իր հայրենիքը: Բայց ինչո՞ւ եք «Արի, իմ սոխակ» երգով քարոզում մարդկանց՝ իրենց երեխաներին զինվորներ դաստիարակել, եթե հայրենիքում երբեք չեք ապրել և, կարծես, ապրելու միտք էլ չունեք: Ո՞նց եք կարծում, Ձեր քարոզն արդա՞ր է, ավելի կոնկրետ՝ Ձեր քարոզը ֆեյք չէ՞։ Եվ մինչ Դուք այլ աշխարհամասից Աթանես Ղամբարյանի դեմքի արտահայտությամբ հայերին քարոզում եք զինվորներ դաստիարակել, բազմահազար հայաստանցիների խիստ հետաքրքրում է չարաբաստիկ հարցը. ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել ու ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Իսկ մենք այդ ընթացքում սպասենք Ձեր կատարմամբ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» և «Ախպերս ու ես» երգերի կատարմանը, իհարկե, հեռվից, իհարկե, այլ աշխարհամասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել