Դիտեցի ձեր սրտի նախարարի հարցազրույցը Հ1 հեռուստաալիքի եթերում: Հետաքրքիր էր, ինչ խոսք...
Առավել հետաքրքիր կլինի, եթե փորձեմ որևէ կերպ տեղավորել դա բժշկական էթիկայի սահմաններում, մասնավորապես՝ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ արված արտահայտությունը:
Կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ ՀՀ առողջապահության նախարարին, ում պաշտոնն այսօր զբաղեցնում է ձեր սրտի նախարարը, հարիր չէ Արցախի հերոսի մասին նման կերպ արտահայտվելը, սակայն դա էլ մի կողմ դնեմ, որովհետև այսօր էթիկայի որևէ կանոն չի պահպանվում գործող իշխանության շատ ներկայացուցիչների կողմից:
Դատելով տրված պատասխանից՝ կարող եմ եզրակացնել, որ ՀՀ առողջապահության նախարարը ինքնակոչ հոգեբույժ է... Ինչո՞ւ ինքնակոչ, որովհետև նա չունի համապատասխան որակավորում և չի կարող որևէ մասնագիտական եզրակացություն անել հոգեբուժական հիվանդությունների մասին, սակայն դա իրեն չի խանգարում Արցախի հերոսի հայտարարությունը պիտակավորել հոգեկան խանգարմամբ և դրանով իսկ կրկին խախտել բժշկական էթիկան ու սերմանել խտրական վերաբերմունք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ:
Իմ խորին համոզմամբ՝ սա հերթական զրպարտանքն էր Վիտալի Բալասանյանի նկատմամբ, սակայն Արցախի հերոսը չի իջնի այն մակարդակին, որ պատասխանի...
Ամոթ է... Նման անձանց պատճառով քաղաքական դաշտը պղծվում և նեխում է։
Ցավում եմ, որ այս ամենին քաղաքական և էթիկական գնահատականներ չեն տալիս խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը...