Armdaily.am-ը գրում է.

Մեկ տարի առաջ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը դարձավ Արմավիրի քաղաքապետ: Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։

ArmDaily.am-ը զրուցել է Խուդաթյանի հետ՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են եղել քաղաքում այս մեկ տարվա ընթացքում:

- Պարոն Խուդաթյան, մեկ տարի է ինչ հանդիսանում եք Արմավիրի քաղաքապետ։ Ո՞րն էր ամենամեծ խոչընդոտը, որ այս մեկ տարվա ընթացքում հանդիպել եք։
- Ամենամեծ խոչընդոտը կուտակված խնդիրներն են, որոնք քայլ առ քայլ պիտի լուծենք: Անհաղթահարելի խոչընդոտներ չկան, բայց կան օրենսդրական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, որոնք դանդաղեցնում են խնդիրների լուծումը:

- Քաղաքապետ լինելու դժվար ու հեշտ կողմերը որո՞նք են։
-Քաղաքապետ լինելու ամենադժվար ու ամենահեշտ կողմը, ես կասեի ամենամեծ մոտիվացիան փոփոխություններ կատարելու հնարավությունն է, պատասխանատվությունը այդ փոփոխությունների համար: Ես քաղաքապետի պաշտոնը ընդունում եմ որպես հնարավորություն, ծառայելու հայրենի քաղաքին, հայրենի երկրին: Սա գուցե երկրին ու քաղաքին ծառայելու իմ կյանքի ամենալավ հնարավորությունն է ու այն ձեռքից բաց թողել չի կարելի:

- Մեկ տարվա ընթացքում ի՞նչ ծրագրեր եք իրականացրել քաղաքում, մի փոքր կմանրամասնեք։
-Հունվար ամսից բարձրացվել է քաղաքապետարանի և ենթական կառույցների բոլոր աշխատողների աշխատավարձը (500 հոգուց ավել), նորոգվում է 2 մանկապարտեզ, մանկապարտեզներում բացվում են նոր խմբեր, ինչը հնարավություն է տալիս հերթում սպասող երեխաների ընդունել: Վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքում կլինեն մանկապարտեզներ, որոնք ձմռանը կաշխատեն:
Քաղաքում անցկացվել է 5 կմ գիշերային լուսավորության նոր ցանց, ևս 3 կմ լուսավորելու ենք մինչև տարեվերջ: Գործարկվել է 107 թաղամասի խորքային հորը, քաղաքում կառուցվել է 600մ փակ ջրագիծ, հիմնվել է զբոսայգի, տնկել ենք 1200-ից ավել ծառեր:
Փոխվել է Հանրապետության փողոցի բոլոր չորս խաչմերուկների լուսաֆորները, տեղադրվել են թվով 29 միավոր ժամանակակից լեդ լուսաֆոր:
Սուբվենցիոն ծրագրով քաղաքում իրականացվում են մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ, այս պահին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում կենտրոնում:
Սկսել ենք Շառլ Ազնավուրի անվան պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվելու է մեծանուն երգչի կիսանդրին: Պուրակը պատրաստ կլինի նոյեմբեր ամսին:
Աննախադեպ ծավալի բնակարանաշինական ծրագիր է իրականացվում քաղաքում. կառավարություն-համայք-մասնավոր համագործակցության արդյունքում Սիլիկյան թաղամասի այրված և վթարային 2 շենքերի 30 ընտանիքների բնակիչներին հատկացվելու են բնակարաններ, ծրագիրը արդեն ընթացքի մեջ է:
Քաղաքում կազմակերպվում են ժամանցային միջոցառումներ, մշակութային կյանքը ակտիվացել է:

- Քաղաքացիների հետ հաստատ շատ եք շփվում։ Ի՞նչ արձագանքներ եք ստանում նրանցից Ձեր աշխատանքի վերաբերյալ։ Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կհիշեք բնակիչների հետ հանդիպումներից։
- Գրեթե ամեն երեկո զբոսնում եմ քաղաքում, շփվում քաղաքացիների հետ: Անկեղծ մեծամասամբ արձագանքները դրական են, երջանիկ քաղաքապետ եմ: Առհասարակ հասանելի եմ բոլորի համար, օգտագործում եմ կապի բոլոր միջոցները արմավիրցիներին հասանելի լինելու համար:

- Նաև պատմեք ապագա ծրագրերի մասին։ Ի՞նչ սպասեն Արմավիրի բնակիչները։
- Առաջիկայում քաղաքը պատրաստվելու է Նոր տարվան, փորձելու ենք ավելի գեղեցիկ դարձնել տոնական Արմավիրը: Մյուս տարի շարունակելու ենք փողոցների լուսավորության անցկացումը, բարեկարգելու ենք բակերը, ասֆալտապատելու ենք նոր ճանապարհներ:
2020 թվականի համար Կառավարությունը արդեն հաստատել է Արմավիրի վերջին 30 տարվա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրը. նորոգվելու է քաղաքի Երևանյան փողոցը ամբողջությամբ (Հանրապետական նշանակության ճանապարհ է):
Սրանք ընդամենը սպասվող աշխատանքների մի փոքր մասն է, 2020 թվականը ևս բուռն աշխատանքային տարի է լինելու:

- Եվ վերջում, ինչպիսի՞նն է Ձեր երազած Արմավիրը։
- Դժվար է նկարագրել իմ երազանքների Արմավիրը: Կփորձեմ կարճ լինել. երազում եմ այնպիսի քաղաք ունենալու մասին, որի բնակիչները երջանիկ են: Կարծում եմ՝ հաջողության լավագույն ցուցիչը երջանկությունն է, եթե ունենանք այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ իրապես իրենց երջանիկ կզգան, ուրեմն մեծ հաջողություն գրանցած կլինենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել