168.am-ը գրում է.

Նորաշենի նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն այսօր հանդիպել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Մոտ մեկ շաբաթ առաջ պաշտոնից հեռացված գյուղապետի խոսքով՝ պայմանավորվել են ստեղծված մթնոլորտը հարթել:

«Ասեց՝ եկեք ամեն ինչ անենք՝ պառակտումներ չլինեն, հանգիստ գնանք ընտրության, ես էլ համաձայնեցի, ասացի՝ կհորդորեմ, որ ավելորդ քայլեր չանեն, դեկտեմբերին կգնանք ընտրության, թող ժողովուրդն ընտրի»:

Իրեն աշխատանքից հեռացնելու մարզպետի որոշմանն ու դրա համար ընտրված քայլերին Նորայր Գրիգորյանը բացասաբար է վերաբերվում, ասում է՝ մինչև հիմա իր ազատման մասին ծանուցում չի ստացել:

«Ես արձակուրդի մեջ էի, պահակից եմ իմացել, որ ինձ հեռացրել են: Ես չեմ ծանուցվել այդ մասին, անգամ մինչև հիմա ինձ ոչ մի թուղթ, գրություն, ծանուցում չեն տվել իմ ազատման մասին: Իհարկե, սրան շատ վատ եմ վերաբերվում: Պատկերացրեք, եթե ես, ասենք, արտերկիր մեկնած լինեի իմ արձակուրդի ընթացքում: Մարզպետի մասին ոչինչ չեմ ուզում ասել, բայց Սուրեն Պապիկյանից գոհ եմ»:

Նորայր Գրիգորյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:

168.am-ի հարցին, թե իր այն պնդումներից հետո, որ իրեն ապօրինի են ազատել, չի՞ ակնկալում, որ կարող է խոչընդոտեն իր ընտրությանը, նախկին գյուղապետը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ կխոչընդոտվի: Սուրեն Պապիկյանին խնդրել եմ, որ վերցնի իր անձնական վերահսկողության տակ, կարծում եմ՝ կգնանք ազատ և արդար ընտրությունների»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է նրա անդամագրումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչից հրաժարվելն էլ, ըստ Նորայր Գրիգորյանի, իր պաշտոնանկության պատճառ է դարձել, նախկին գյուղապետը պատասխանեց, որ առայժմ չի պատրաստվում:

«ՔՊ-ին անդամագրվել առայժմ չեմ պատրաստվում, այնպիսի հարցեր եք տալիս, չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»,- ասաց Նորայր Գրիգորյանը:

Նորայր Գրիգորյանի հետ էր նաև Նորաշենի գյուղապետարանի գլխավոր մասնագետ  Արտակ Մինասյանը: Նա օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել, հետաքրքրվեցինք՝ Սուրեն Պապիկյանի հետ Նորայր Գրիգորյանի հանդիպումը փոխելո՞ւ է իր որոշումը:

«Եթե իրենց որոշումը չի փոխվել, դիմում եմ գրելու, դուրս գամ: Դա իմ անձնական որոշումն է»:

Նորայր Գրիգորյանը նաև ասաց, որ կարծես թե գյուղապետարանի մյուս աշխատակիցներն ընդունել են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին և աշխատում են:

Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանն ազատվել է աշխատանքից, ինչի պատճառով նորաշենցիները բողոքի ակցիաներ էին իրականացնում Գյուղապետարանի և Արարատի մարզպետարանի առաջ՝  պահանջելով իրենց ընտրած գյուղապետի լիազորությունները վերականգնել: Երբ հասկացան, որ դա անհնար է, Արարատի մարզպետին առաջարկեցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նորայր Գրիգորյանի տեղակալ Աշոտ Ստեփանյանին: Այս առաջարկությունը ևս չընդունվեց:

Գյուղապետարանի աշխատակիցները փակել էին գյուղապետարանի շենքի դուռն ու բանալին պահել, և հրաժարվում էին դա տալ անգամ իրավապահ մարմիններին: Երկու օր առաջ ԱԻՆ և Ոստիկանության աշխատակիցների կողմից դուռը կոտրվեց: Նորաշենի համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կկատարի նորաշենցի Արտակ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել