Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացները նոր երանգ են ստանում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել:
Նշանակում է, որ Դուշանբեի հանդիպումից հետո այսքան ժամանակ տեղի ունեցած խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները զուր են եղել, կամ ուղղակի հանդիպել են հանդիպելու համար։ Իրականություն չդարձան նույնիսկ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունները, որոնք ոչ բովանդակային նշանակություն ունեին։ Օրինակ՝ այդպես էլ թղթի վրա մնաց այն պայմանավորվածությունը, որը նախատեսում էր մարդկանց միջև շփումների հաստատումը, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով, այնինչ այսքան ժամանակ հանրությանը փորձում են մատուցել, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղաշարժ կա։