2018 թվականի օգոստոսին իսլանդացի լուսանկարիչ Հաուկուր Սնորաոնը ոչ մեծ ինքնաթիռի վրայից տեսագրել է Սկաֆթաու գետի վարարումը: Թռիչքի ընթացքում պատուհանը բաց է եղել և նրա ձեռքից պատահաբար ցած է ընկել իր iPhone 6S Plus հեռախոսը: Տղան արդեն հույս էլ չուներ երբևէ տեսնել իր հեռախոսը, սակայն գրեթե մեկ տարի անց, 2019-ի սեպտեմբերին, հեռախոսը գետնի վրա հայտնաբերել են զբոսաշրջիկները: Ուշագրավ է, որ հեռախոսի վրա պահպանվել է տեսանյութը, որը տղան նկարահանել էր թռիչքի ընթացքում: Այս մասին նա պատմել է Facebook-ի իր էջում:

Պարզվել է, որ հեռախոսը գտած զբոսաշրջիկները սարքը միացրել են համակարգչին և տեսել են «Haukur՛s iPhone» անվանումը, իսկ հետո կապվել են լուսանկարչի հետ:

«Գիտե՞ք ինչ պարզվեց: Պարզվեց, որ iPhone-ը իսլանդական եղանակային պայմաններում մեկ տարի գետնին գտնվելուց հետո դեռ աշխատում է: Միակ լուրջ վնասվածքն այն է, որ երբ ես զանգում եմ, մարդիկ ինձ չեն լսում»,-նշել է նա՝ ավելացնելով, որ հեռախոսով կարողանում է ինտերնետին միանալ, նկարներ և տեսանյութեր ուղարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել