Apple ընկերությունն աշնանային շնորհանդեսի ժամանակ նոր սերնդի iPhone-ների՝ iPhone 15-ի և iPhone 15 Plus մոդելների հետ մեկտեղ ներկայացրել է նաև առաջատար iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max մոդելները: Երկուսն էլ ստացել են նոր պրոցեսորներ, թարմացված տեսախցիկներ, USB-C միակցիչ՝ USB 3.0 աջակցությամբ և մի շարք այլ նորամուծություններ։
Նոր iPhone-ների դիզայնը հիմնականում մնացել է նույնը, սակայն չժանգոտվող պողպատից շրջանակը փոխարինվել է տիտանե շրջանակով: Apple-ը պնդում է, որ նոր iPhone 15 Pro-ն ամենաթեթև iPhone Pro շարքն է ընկերության պատմության մեջ։ Բացի դրանից, նորույթն առանձնանում է էկրանի շուրջ ամենաբարակ շրջանակով: Սմարթֆոնների ընդհանուր չափերը փոքր-ինչ կրճատվել են՝ առանց էկրանի չափը փոքրացնելու։
Սմարթֆոններն ունեն OLED Super Retina XDR էկրան մինչև 1600 քդ/մ2 պայծառությամբ, իսկ դրսում առավելագույն պայծառությունը կարող է հասնել նույնիսկ 2000 քդ/մ2-ի: Երկու սմարթֆոնների էկրաններն էլ ունեն թարմացման փոփոխական հաճախականություն՝ 1-ից մինչև 120 Հց: iPhone 15 Pro-ն ստացել է 6,1 դյույմանոց էկրան, իսկ iPhone 15 Pro Max-ն՝ 6,7 դյույմանոց էկրան։
iPhone 15 Pro-ն, նախորդ iPhone-ների ավանդական ձայնային անջատիչի փոխարեն, կողքի մասում ստացել է Action կոճակ, որը սեղմած պահելով՝ օգտատերերը կկարողանան անցում անել զանգի և լուռ ռեժիմի միջև։ Այս կոճակի միջոցով հնարավոր է կատարել տարբեր գործողություններ՝ գործարկել տեսախցիկը, ակտիվացնել կոնկրետ ֆունկցիա և այլն։
iPhone 15 Pro-ն ստացել է նոր Apple A17 Pro չիպ, որը, ըստ Apple-ի 10%-ով ավելի արագ է, քան իր նախորդը: Չիպն ունի վեց հաշվողական միջուկ (երկու բարձր արդյունավետության և չորս էներգաարդյունավետ): Այն արտադրված է TSMC-ի 3 նմ պրոցեսի տեխնոլոգիայով և ունի մոտ 19 միլիարդ տրանզիստոր: Չիպը հագեցած է նոր 16 միջուկանի նեյրոնային շարժիչով՝ արհեստական բանականության աշխատանքն արագացնելու համար, որը երկու անգամ ավելի արագ է, քան Apple A16 Bionic-ը. այն կարող է վայրկյանում մշակել մինչև 35 տրիլիոն գործողություն:
A17 Pro-ն ունի Apple-ի մշակած գրաֆիկական նոր պրոցեսոր, որը, ըստ Apple-ի՝ ընկերության գրաֆիկական պրոցեսորների պատմության մեջ ամենամեծ փոփոխությունն է, որը կենտրոնանում է կատարողականության և արդյունավետության, ծանր հավելվածների հետ աշխատելու և ռենդերինգի նոր հնարավորությունների վրա։ Հենց դրա շնորհիվ արդեն iPhone-ով կարելի է խաղալ այնպիսի ծանր խաղեր, ինչպիսին է Resident Evil 4-ը։ Նաև նշվում է, որ GPU-ն 20%-ով ավելի արագ է և նույնիսկ ավելի էներգաարդյունավետ է:
iPhone 15 Pro-ն և Pro Max-ն ունեն նոր 48 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ ավելի մեծ սենսորով, իսկ դիմանկարի ռեժիմը թարմացվել է նոր ֆունկցիայով, որն ավտոմատ կերպով ֆիքսում է խորության մասին տվյալները և կարիք չկա ձեռքով ընտրել այս ռեժիմը։ Բարելավված Smart HDR-ի շնորհիվ ավելի մութ սենյակներում տեսախցիկը կարողանում է ավելի վառ գույներ հաղորդել՝ ավելի շատ դետալներով և ավելի լայն դինամիկ տիրույթով: Նոր նանո ծածկույթի շնորհիվ կադրն այլևս չի կարող «վառվել»: Տեսախցիկը նաև կարող է նկարել 48 ՄՊ լուծաչափով և ֆայլը պահպանել HEIF ֆորմատով (ոչ միայն ProRAW):
Սակայն լուսանկարչության հարցում ամենամեծ նորամուծությունը թերևս iPhone 15 Pro Max-ի նոր 5x հեռաֆոտո խոշորացման ոսպնյակն է: Նոր օպտիկական խոշորացումն ունի 120 մմ համարժեք ֆոկուսային տարածություն, հիմնված է տետրապրիզմայի նոր համակարգի վրա և ապահովում է ավելի մեծ տիրույթ՝ համեմատած սովորական iPhone 15 Pro-ի 3x օպտիկական խոշորացման հետ: Այն նաև օգտագործում է պատկերի կայունացման առաջադեմ համակարգ՝ երեք ուղղություններով շարժման փոխհատուցմամբ և վայրկյանում 10,000 միկրո կարգավորումներով. Apple-ը պնդում է, որ կայունացման նման համակարգ առաջին անգամ օգտագործվել է սմարթֆոնում:
iPhone 15 Pro-ում կա նաև ստերեոսկոպիկ (3D) տեսանյութեր ձայնագրելու նոր եղանակ․ սմարթֆոնը կարող է միաժամանակ նկարահանել հիմնական և լայնանկյուն տեսախցիկներով, ինչը թույլ է տալիս ստեղծել տեսանյութեր 3D էֆեկտով։ Կադրերը կարելի է փոխանցել iPhone-ների միջև կամ դիտել Apple-ի Vision Pro-ով: Նոր iPhone Pro շարքի հեռախոսների լայնանկյուն տեսախցիկը, ինչպես նաև հեռաֆոտո մոդուլները հիմնված են 12 ՄՊ պատկերի սենսորների վրա։ Կա K60 ProRes տեսանկարահանման աջակցություն։
Նոր iPhone-ների համար կարևոր նորամուծություն է Lightning միակցիչից ունիվերսալ USB-C-ի անցումը։ Իսկ iPhone 15 Pro-ում և 15 Pro Max-ում Apple-ը որոշել է ոչ միայն թարմացնել միակցիչը, այլև անցնել ստանդարտի նոր տարբերակի. USB 3-ն այստեղ օգտագործվում է մինչև 10 Գբիտ/վ արագությամբ: Ուշագրավ է նաև, որ 4K60 ProRes տեսանյութը հնարավոր է ձայնագրել անմիջապես USB միակցիչին միացված արտաքին սկավառակի վրա:
iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը հասանելի կլինեն Titanium Black, Titanium White, Titanium Blue և Natural Titanium գույներով: Ի տարբերություն իր նախորդների, նոր սմարթֆոնների կողային եզրերը ոչ թե փայլուն են, այլ փայլատ, բայց այնուամենայնիվ տարբերվում են հետևի վահանակից։
Ինչպես սովորական iPhone 15-ը, նոր Pro շարքն ունի երկրորդ սերնդի նոր Ultra Wideband (UWB) Apple U2 չիպ, որն օգտագործվում է Apple-ի կորած սարքերը կամ մոտակայքում գտնվող այլ iPhone-ներ գտնելու համար: Նոր չիպը մեծացրել է սարքերի հայտնաբերման շրջանակը։ Բացի դրանից, Precision Finding-ի միջոցով այժմ հնարավոր է գտնել կոնկրետ մարդու՝ դարձյալ iPhone-ի միջոցով։ Սա շատ հարմար է մարդաշատ վայրերում ինչ-որ մեկին գտնելու համար։
Apple-ն ընդլայնել է արտակարգ իրավիճակների համար իր արբանյակային կապի հնարավորությունը ճանապարհային օգնություն ցուցաբերելու համար: ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ Emergency SOS արբանյակային վթարային գործառույթն անվճար է երկու տարի iPhone 15-ի գնելու դեպքում: Կա նաև վճարովի տարբերակ (մանրամասները չեն ճշտվում)։
Հակառակ վերլուծաբանների մռայլ կանխատեսումների՝ iPhone 15 Pro-ն պահպանել է իր նախորդի գինը՝ 999 դոլար 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակի համար։ Սակայն iPhone 15 Pro Max-ը թանկացել է և այժմ կարժենա 1199 դոլարից սկսած հիմնական տարբերակի համար: Բայց կա մի հաճելի դետալ՝ դրա հիմնական տարբերակն ունի 256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Երկու մոդելներն էլ հասանելի կլինեն նախնական պատվերի համար այս ուրբաթ, իսկ վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին: