Apple-ում աշխատում են հաջորդ սերնդի iPhone-ի նախատիպի վրա, որը կրկին կունենա մատնահետքերի սենսոր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով Apple-ի աշխատակիցների հայտարարություններին։

Ապագայում թողարկվող iPhone 13-ը կամ iPhone 12s-ը, հնարավոր է, ունենա էկրանի տակ գտնվող մատնահետքերի սքաներ, ինչի հիման վրա աշխատում է Touch ID համակարգը։ Հետաքրքրական է, որ Apple-ը դիտարկում է օպտիկական տեխնոլոգիան՝ համարելով այն առավել հուսալի, քան ուլտրաձայնայինը։

Ընկերության աղբյուրները հայտնում են, որ Apple-ում գնահատում են այն, թե որքան պաշտպանված պետք է լինեն օգտատերերի տվյալները՝ նոր Touch ID-ի օգնությամբ։ Մշակողները որպես հիմք ընդունել են ներկայիս Touch ID-ն, որն օգտագործվում է iPhone SE-ում, iPad-ում և MacBook-ում։

Ժամանակակից սմարթֆոններում մատնահետքից Apple-ը հրաժարվել է դեռ 2017 թ., երբ ներկայացվեց Face ID համակարգով iPhone X-ը։ 2020 թ. համաճարակի պատճառով iPhone օգտագործող անձինք զանգվածաբար մի խնդրի առաջ կանգնեցին. դեմքը ճանաչել հնարավոր չէր դիմակների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել