Վարչապետ Փաշինյանը FOX 11 Los Angeles հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրկին շեշտել է, թե ինքը միակ ղեկավարն է, որ ասում է, թե Արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Նշենք, որ անցած տարվանից Փաշինյանը տարբեր ամբիոններից այս մասին մի քանի անգամ ընդգծել է, թե հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանի ղեկավարը նույնպիսի հայտարարություն անի, թե հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև հայկական կողմի համար:
Հասկանալի է, որ երբ առաջին անգամ Փաշինյանը հայտարարում էր սրա մասին, փորձում էր միջազգային հանրության ուշադրության վրա հրավիրել այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտության միակողմանի լուծում, ինչն անհնար է: Սակայն երբ այդ ազդակները ոչ մի նշանակություն չունեցան, և Ադրբեջանը շարունակում է իր նույն ռազմատենչ քաղաքականությունը, արդեն անիմաստ է դառնում Փաշինանի կողմից անընդհատ կրկնել նույն արտահայտությունը: Այս պարագայում նույնիսկ անհրաժեշտ է կոշտացնել դիրքորոշումը՝ առաջնահերթ ընդգծելով Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անշրջելիությունը: