Մինչ այս օրերին Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը վերսկսելու հավանականության շուրջ տարատեսակ սցենարներ են քննարկվում, եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, վերջին շրջանում Իրանի հետ տարվող բանակցությունների տրամաբանությանը հակասող հայտարարություն են արել, ինչին հետևել է Իրանի ԱԳՆ կոշտ արձագանքը: Ավելին՝ այս գիշեր Նյու Յորքում Իրանի նախագահը Մեծ Բրիտանիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում քննադատել է ԵՄ-ի որդեգրած նման դիրքորոշումը:
Եռյակի՝ Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակման մեջ Իրանին մեղադրելը և Իրանի հրթիռային համակարգերի հարցն օրակարգ բերելը վտանգում է ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության կայացմանն ուղղված Փարիզի ջանքերը, այլև կարող է վերջնականապես խաթարել միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի և եվրոպական երկրների միջև առկա համագործակցությունը: