ԱՄՆ-ում ընթացող վարչապետի այցն ամերկյան պաշտոնական շրջանակների հետ շփումների տեսանկյունից աչքի չի ընկնում և հիմնականում ամփոփվում է սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ուստի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ ձևավորելու առումով վարչապետի այցից սպասելիքներ չպետք է ունենալ, և դրա մասին է վկայում նաև այն, որ ԱՄՆ-ում վարչապետի ելույթներն ավելի շատ պաթետիկ էին, իսկ հիմնական շեշտադրումները վերաբերում էին ներքաղաքական օրակարգին։
Սպասվում է նաև, որ վարչապետը ելույթ է ունենալու աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, ուստի նախընտրելի կլինի, որ վերջինս ներքաղաքական խնդիրներն արծարծելու փոխարեն հիմնականում անդրադառնար արտաքին քաղաքականության հարցերին և մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրին։
Հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Բաքվի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականության վրա, որի վերջին դրսևորումներն էին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ պատերազմի մասին երազելու շուրջ հայտարարությունը և Արցախի սահմանին տեղի ունեցած վերջին դիվերսիան։
Այս խնդրի բարձրաձայնումը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ երեկ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքի շուրջ քննարկման մասին որևէ խոսք չկար։