Սեպտեմբերի 17-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացրած հրաժարականի դիմումին հետևեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հեռացումը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Օսիպյանի հրաժարականը կապված է Ջերմուկում Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող ցուցարարներին ցրելու, դեպի հանք տանող ճանապարհը բացելու խնդրի հետ: Չի բացառվում, որ սրան գումարվել են նաև այլ գործոններ: Արդյունքում ունենք ուժային երկու կառույցի ղեկավարի հրաժարական երկու օրվա ընթացքում: Պատերազմող երկրի համար, կարծես թե, չհիմնավորված «ճոխություն» է:

Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ է Փաշինյանի հետ աշխատելը երկրի կարևոր կառույցների ղեկավարների համար դառնում անհնար: Պատճառը, կարծես, շատ պարզ է. Փաշինյանը չի ուզում լսել հակառակ կարծիք կամ մոտեցում: Փաշինյանի համար երկրի կառավարման ընդունելի մոդելը մեկն է՝ որոշումների միանձնյա ընդունում և սեփական հրամանների անվերապահ ու առանց առարկությունների կատարում: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական համարելու ու այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու մասին օրինագծերի փաթեթը։ Եվ վերջում հռետորական հարց․ գիտակցո՞ւմ են արդյոք այդ փաթեթին կողմ քվեարկած 111 պատգամավորները, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ պետության համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել