Կոնկրետ դեպքը նկատի չունեմ, բայց կոնկրետ դեպքով ուզում եմ մի ուշագրավ երևույթի մասին խոսել։

Մեզ մոտ մարդու հեռացումը պաշտոնից հավասարեցվել է նրա մահվան կամ սրբացման։

Միայն մահացած մարդու դեպքում է կիրառելի «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» բանաձևը։ Եթե նկատել եք, հենց այդ բանաձևն էլ օգտագործվում է պաշտոնից հեռացած կամ հեռացված մարդկանց մեծ մասի դեպքում։ Նախկին պաշտոնյայի մասին սկսում են կա՛մ լավ բաներ ասել, կա՛մ ոչինչ չասել։

Փաստորեն, «Գնա մեռիր, արի սիրեմ»-ի կողքին մենք ունենք նաև «Գնա հրաժարական տուր, արի սիրեմ» բանաձևը։ Բայց դա ճիշտ չէ։ Պաշտոնյան մարդ է, որը և՛ պաշտոնավարելիս, և՛ դրանից հետո ունենում է դրական ու բացասական կողմեր։ Դրանց մասին պետք է խոսել և՛ պաշտոնի եղած ժամանակ, և՛ դրանից հետո։

Մենք միշտ ծայրահեղությունների դաշտ ենք ընկնում։ Իզուր։

Չի՛ կարելի ապրել ատելության և կռապաշտության բևեռներում։ Դրանց արանքում ահագին բան կա, և իսկական կյանքը ատելությունից ու կռապաշտությունից անդին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել