Yerkir.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական հակամարտության կարգավորմանը միտված քննարկումների շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Երկուշաբթի սիրիական հակամարտության կարգավորման հարցով երաշխավոր երկրների` աստանյան ձևաչափով եռակողմ հանդիպում է պլանավորված: Հանդիպումը տեղի կունենա մայրաքաղաք Անկարայում, և նախագահը մեկնելու է այնտեղ: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ թե´ Ռոհանիի, թե´ Էրդողանի հետ»,- մանրամասնել է Պեսկովը:

Երեք երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված  գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Անկարայի Չանքայայի պատմական ամրոցում:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Իդլիբի շրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորման հետ կապված հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել