Սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայանալու է վարչապետ Փաշինյանի ասուլիսը։ Թե ինչու է ասուլիսը անցկացվելու Վանաձորում, Փաշինյանը պարզաբանել է իր ֆեյսբուքյան էջում։ Հայտնի է նաև, որ ասուլիսի ընթացքում Փաշինյանը ներկայացնելու է 100 փաստ «Նոր Հայաստանի» մասին։ Նմանատիպ 100 փաստ արդեն ներկայացվել է մայիսին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Մինչև ասուլիսն արդեն կարելի է որոշակի ենթադրություններ անել, թե ինչի մասին է այն լինելու։ Դժվար չէ կռահել, որ ամիսներ շարունակ վարչապետի ֆեյսբուքյան էջում հայտնվող գրառումները, որտեղ նշված էր, թե որ ոլորտում ինչ աճ է արձանագրվել, երբեմն զավեշտի հասնող գրառումներ էին, բայց դա այլ դիսկուրսի թեմա է։ Այնուհանդերձ, մենք դրանք, վստահաբար, կտեսնենք 100 փաստերի մեջ, և դրանք անպայմանորեն կներկայացվեն որպես «Նոր Հայաստանի» ձեռքբերումներ։ Տպավորություն է ստեղծվում, որ «ժողովրդի վարչապետի» փաստերի տրցակից պետք է իմանանք, թե ինչ դրական բաներ են կատարվում երկրում։ Իրականում բոլոր այդ հարյուրավոր փաստերի արտացոլումն առաջին հերթին պետք է զգային հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիներն իրական կյանքում, իսկ համարակալված փաստերի շարադրանքը բացարձակ երկրորդական է։ Մեկուկես տարվա մեջ պետք է արձանագրել մեկ կարևոր փաստ. իշխանությունը առաջնայնությունը տալիս է ձևին և ոչ բովանդակությանը։ Իսկ այդ ձևը պոպուլիզմն է, այդ ձևը «100 փաստ»-երը դրոշակ դարձնելն ու բոլորիս համոզելն է, որ Հայաստանում հեղափոխական փոփոխություններն են։ Այդ «ձևը» ասուլիսը Վանաձորում անցկացնելն է։
Մենք ականատես կլինենք նաև մի քանի ժամ տևողությամբ ասուլիսի, որտեղ կհնչեն հարյուրավոր հարցեր ու պատասխաններ և վերջում վարչապետը գոհունակությամբ գրառում կկատարի, որ ռեկորդային տևողությամբ ասուլիս կայացավ, որը նույնպես «Նոր Հայաստանի» աննախադեպ ձեռքբերում է։

Երկրի ղեկավարի ասուլիսը պետք է լինի սպասված, ժամանակային առումով այնքան ճիշտ կազմակերպված, որ նույնիսկ կիսատ հարցեր մնան, ոչ թե լինի այնքան երկար ու չարչրկված, որ եգիպտացորենը ձեռքին հարց ուղղեն վարչապետին, կամ վարչապետը սեռական անգրագիտության մասին թեմաներ արծարծի։

Այնպես որ, ասուլիսից մեծ սպասելիքներ ունենալն անիրատեսական է։ Լինելու են նույն թեզերը, նույն պատասխանները։ Թերևս միակ գլխավոր թեման կլինի Ամուլսարի հանքի հնարավոր շահագործումը, որի հետ կապված բոլոր հարցերին կտրվեն նույն լղոզված ու ոչ հստակ պատասխանները, ինչ արդեն մի քանի շաբաթ լսում ենք վարչապետի ուղիղ եթերներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել