Yerkir.am-ը գրում է․

Պետք է կարողանալ զերծ մնալ ճնշումներ գործադրելուց և շատ կոշտ քայլեր կատարելուց, որպեսզի ներդրումների հոսքը Հայաստան չնվազի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք իշխանությունների որդեգրած «ծեփեմ պատին, փռեմ ասֆալտին» վարքագիծը, գործարար դաշտի ներկայացուցիչների վրա շարունակական ճնշումները, որոշ գործարարների տրվող արտոնությունները և իշխանությունների անլուրջ պահվածքը չի անդրադառնում ինչպես ներդրումների, այնպես էլ արտահումներին վրա, ինչպես, օրինակ «Սպայկա» ընկերության դեպքում, բանախոսը նշեց. «Նայելով մեր տնտեսական ցուցանիշներին՝ չի անդրադարձել, որովհետև այն տենդենցը, որ մենք 7 ամսում արտահանել ենք 1.4 մլրդ դոլարի ապրանք, արտահանել ենք, պահպանված է, և տարվա վերջին այդ ցուցանիշը կհասնի 2.5 մլրդ դոլարի, իսկ ներկրումը կհասնի 5 մլրդ դոլարի: Ինչ-որ չափով, իհարկե, «Սպայկա»-ի դեմ գործողություններն ազդում են: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ որևէ տնտեսական ճնշում զգուշավորություն է առաջացնում, և բնականաբար, դրսից եկած ներդրողները գալուց առաջ մտածում են, թե ինչ կլինի իրենց հետ: Պետք է կարողանալ զերծ մնալ այդպիսի գործողություններից և շատ կոշտ քայլերից, որպեսզի ներդրումների հոսքը դեպի Հայաստան չնվազի: Քաղաքական հայտարարությունները միշտ էլ ազդում են տնտեսության վրա»:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունների այն հայտարարությունները, թե երկրում մոնոպոլիա չկա, համապատասխանում է իրականությանը, և արդյո՞ք  մանր տնտեսվարողը կարող է զբաղվել արտահանմամբ, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Կան ոլորտներ, որտեղ խոշոր տնտեսվարողները ունեն գերակա դիրք, և հնարավոր չէ, որ որևէ մեկը մտնի այդ ոլորտներ: Վերցնենք շաքարավազի շուկան: Գործարար Հրանտ Վարդանյանը սեփական արտադրության համար բերում էր: Բայց հիմա այդ ոլորտն այնքան է կենտրոնացվել, որ եթե ինչ-որ մեկն ուզենա գա և մասնակցի, չի հաջողի, և մոնոպոլ դիրքում գտնվող գործարարը կարող է թեթև գնային տատանում իրականացնել և դուրս մղել մրցակիցներին: Ժամանակին չպետք է թույլ տայինք, որ որևէ մեկը գերմոնոպոլիզացված կարգավիճակ ստանար, չնայած կա հակամենաշնորհային հանձնաժողով,  որտեղ մոտ 33 տոկոսից ավելի իրավունք չկա դիրք զբաղեցնելու: Այստեղ պետությունը կարող է մրցակցել և ինքն ազդել գնագոյացման վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել