168.am-ը գրում է․
Գործարարների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ վարչապետը խոսում էր նոր որակի տնտեսություն կառուցելու մասին՝ մոռանալով, որ դրա համար ներդրումներ են պետք։ Իսկ ո՞ւր են ներդրումները։ Ներդրումներն այդպես էլ չեկան Հայաստան։ Ու ոչ միայն չեկան, այլև գնում են։
Այսօր տնտեսական իրավիճակը մեր երկրում շատ լարված է։ Բազմաթիվ ոլորտներ հայտնվել են անմխիթար վիճակում, ինչն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև սոցիալական միջավայրի վրա։ Տասնյակ-հազարներով է հաշվվում այն մարդկանց թիվը, ովքեր այս ընթացքում հասցրել են կորցնել իրենց աշխատանքը։
Որքան տնտեսական իրավիճակը շարունակի լարվել, այնքան աշխատանք կորցրածների քանակը կավելանա։ Կավելանա ոչ միայն գործազրկությունը, այլև աղքատությունը։
Այս իրավիճակից երկիրը դուրս բերելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներարկումներ և, առաջին հերթին՝ ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի մի կողմից՝ թուլացնել սոցիալական լարվածությունը, մյուս կողմից՝ խթաններ հաղորդել տնտեսությանը։ Առանց ներդրումների շատ դժվար է լինելու հաղթահարել թե՛ մեկը, և թե՛ մյուսը։
Բայց որտեղի՞ց գտնել ներդրումներ։ Այս հարցն արդիական էր նախկինում, արդիական է, առավել ևս, հիմա։
Ցավոք, իշխանությունները ոչ միշտ են գիտակցում իրենց քայլերի հետևանքները ներդրումների վրա։ Շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են ներդրումները ստորադասվում իշխանությունների քաղաքական նպատակներին։
Թերևս, նաև այդ քաղաքականությունն է պատճառը, որ այսօր երկիրը կանգնել է փաստի առաջ։ Ներդրումային իրավիճակը մեր երկրում նախկինում մի բան չէր, հիմա շատ ավելի վատ է։
Դատելով հրապարակված վերջին տվյալներից՝ կապիտալը հեռանում է Հայաստանից։ Խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։
Առայժմ հայտնի են միայն առաջին եռամսյակի տվյալները, բայց կասկած չկա, որ շատ ավելի խայտառակ ցուցանիշներ ենք ունենալու նաև դրանից հետո։
Անհույս է հատկապես երկրորդ եռամսյակը։ Դրան անդրադառնալու առիթ դեռ կլինի։ Մինչ այդ, հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը բացասական են։
Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների ու մարումների տարբերությունն է։
Եթե անցած տարվա առաջին եռամսյակում ոչ մեծ, բայց որոշ աճ ունեինք, ապա այս տարի դա էլ չկա։ Գումարներն ավելի շատ գնացել են, քան եկել։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչպիսի փոփոխությունների մասին է, բերենք պաշտոնական ցուցանիշները։ Այսպես՝ 2019թ. առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 117 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ շուրջ 20 մլն դոլար։ Այս տարի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են -35 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ -23 մլն դոլար։
Մի կողմ թողնենք ընդհանուր ներդրումները, որովհետև դրա մեջ հազար ու մի բան կա ներառված՝ սկսած ներդրումներից, վերջացրած վարկերով ու փոխառություններով, ապրանքների ու ծառայությունների դիմաց կատարվող վճարումներով, և այլն։ Տնտեսության համար առավել կարևոր են ուղղակի ներդրումները, որտեղ ունենք շատ ցավալի պատկեր։ Հրապարակված թվերը նշանակում են, որ ուղղակի ներդրումների տեսքով գումարներն ավելի շատ դուրս են եկել, քան ստացվել են։
Սա վատագույն սցենարն է, որը կարող էր սպառնալ Հայաստանի տնտեսությանը։ Ու դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տնտեսությունը դեռևս չէր մտել ճգնաժամ։ Դեռևս նկատելի չէր նաև համավարակի ազդեցությունը։ Եվ այդ պայմաններում օտարերկրյա կապիտալն անվստահություն է ցուցաբերել տնտեսության նկատմամբ։ Այսինքն՝ այն, ինչ ունենք, քիչ կապ ունի համավարակի հետ։ Համավարակի հետևանքները ներդրումների վրա կտեսնենք առաջիկայում, երբ կհրապարակվեն հաջորդ եռամսյակների ցուցանիշները։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի բացասական դինամիկա ունենք Ռուսաստանի, Իտալիայի, Կիպրոսի և բազմաթիվ այլ երկրների հետ հարաբերություններում։ Ներդրումային կապիտալն ավելի շատ դուրս է եկել, քան մուտք է եղել։ Ու դա նշանակում է, որ նվազում են տնտեսության մեջ առկա ներդրումային պաշարները։ Եթե 2019թ. մարտի վերջի դրությամբ Հայաստանի տնտեսության մեջ եղած օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմում էին 4,7 մլրդ դոլար, ապա այս տարի չեն հասնում նույնիսկ 4,4 միլիարդի։ Մեկ տարում դրանք նվազել են 300 մլն դոլարով։
Գումարները դուրս են գնում Հայաստանից, ու դա ծանր հարված է տնտեսության համար։
Իհարկե, ներսում կան ռեսուրսներ, բայց այդպես էլ չեն ստեղծվում հնարավորություններ այդ ռեսուրսները տնտեսությանը ծառայեցնելու համար։
Ժամանակին հեշտ էր քննադատել նախկիններին. 2,5 տարվա ընթացքում, երբ փոխվել է իշխանությունը, կրկին որևէ առաջընթաց չունենք կապիտալի շուկայի ձևավորման ոլորտում։ Ու դրա պատճառով, առանց միջնորդավորված տնտեսության մեջ մտնելու փոխարեն, ավելցուկային գումարները գնում են բանկային համակարգ՝ վերածվելով վարկային թանկ կապիտալի, և միայն այդ խողովակով անցնելուց հետո՝ մտնում տնտեսություն։ Վկա՝ հերթական գործարքը, որը սպասվում է հեռահաղորդակցության ոլորտում։ Ընկերություններից մեկը պատրաստվում է մյուսին ձեռք բերել 100 տոկոս վարկային կապիտալով։ Ոչինչ, որ դա ռումբ է լինելու՝ դրված ոչ միայն տվյալ ընկերության, այլև այն բանկի տակ, որը մտադիր է ֆինանսավորել նման գործարքը, դրա հետևանքով Հայաստանից կհեռանա ևս մեկ օտարերկրյա ընկերություն՝ իր հետ տանելով նաև բավական լուրջ կապիտալ։
Այս փուլում, որքան էլ համարենք, որ համավարակն ամբողջ աշխարհում է մեծացրել ներդրումային ռիսկերը, այնուհանդերձ չենք կարող չընդունել, որ Հայաստանում շատ ավելի վաղուց է ներդրողների համար ստեղծվել անհարմար իրավիճակ։ Նման պայմաններում ներդրողները ոչ միայն պատրաստ չեն նոր գումարներ ներդնել, այլև փորձում են հնարավորինս հեռու մնալ մեր տնտեսական ու քաղաքական միջավայրից։
Սա պարզ ճշմարտություն է, որն այդպես էլ չի գիտակցվում։ Չի գիտակցվում նաև այն, որ ներդրումային վստահությունը շատ հեշտ է կարճ ժամանակում կորցնել։ Բայց երկար տարիներ են պետք այն վերականգնելու համար։
Այսօր Հայաստանում ներդրումներ կատարելու համար այնքան շատ ռիսկեր կան, որ մոտ չի գալիս ոչ միայն՝ օտարերկրյա, այլև՝ տեղական կապիտալը։ Ներդրողները կորցրել են վստահությունը և չգիտեն, թե ինչ վտանգների կարող են բախվել առաջիկայում, երբ գործեն այն օրենսդրական փոփոխությունները, որոնք մեծացնելու են ներդրումային ու տնտեսական ռիսկերը։
Անգամ պետություն-մասնավոր համագործակցությունն արդյունք չի տալիս։ Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շարքում հայտարարեց զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու մասին։ Անցել է 4-5 ամիս, բայց որևէ տնտեսական ծրագիր դեռ չի էլ մեկնարկել։ Դրանք քննարկումների մակարդակից այն կողմ չեն անցնում։
Իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի այդ ծրագրերը սկսեն աշխատել, եթե, իհարկե, այդպիսիք իսկապես լինեն։
Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպով ուր ենք հասնելու։ Ու այդքանից հետո ուզում ենք նոր որակի տնտեսություն կառուցել։