Tert.am-ը գրում է.
Իշխանությունները ներդրումային միջավայրի պետական կարգավորման մեջ այնպիսի երևույթներ են ներմուծում, որոնք ուղիղ հարված են ներդրողներին, հատկապես՝ օտարերկրյա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով 2020-ի ընթացքում ՀՀ ներդրումային քաղաքականությունն ու իրավիճակը:
«Օրինակ՝ բանկային գաղտնիքի օրենքի փոփոխությունները, մասնավոր գույքի սեփականության իրավուքին վերաբերելի հարցերը. իշխանությունները, պոպուլիզմից դրդված, դրանք փաթեթավորում էին որպես կոռուպցիայի դեմ պայքար: Չեն հասկանում, որ ուղիղ հարվածում են ներդրումային միջավայրին», - նշեց տնտեսագետը:
Վերջինս ընդգծեց՝ հատկապես զարգացող երկրներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնական գործոնը ռիսկայնութունն է, այդուհետ՝ շահութաբերության մակարդակը: Նրա խոսքով՝ ներկա փուլում համաշխարհային տնտեսությունում շատ ավելի կարևորվում է կայունությունը և ներդրումային միջավայրի որոշակիությունը, ներդրողները պետք է հստակ պատկերացնեն՝ ինչպիսի ռիսկերի հետ գործ ունեն, և դրանք որքանով են կառավարելի:
«Ցավոք, միանգամից արձանագրենք, որ այօրվա իշխանություններն իրենց բնույթով և վարքագծով որևէ կերպ աղերս չունեն և որևէ կերպ իրապես չեն առերեսվում այս օբյեկտիվ հանգամանքի հետ, ընդհակառակը՝ առաջնորդվում են պոպուլիզմով՝ իրավիճակային լուծումներ կամ տվյալ պահին «Ֆեյսբուք»-ում գրելու նյութ ապահովել, և դրանով սահմանափակվում են: Հետևանքը լինում է այն, որ առաջացնում են նոր անհասկանալի իրավիճակ, նոր անորոշություններ, հետևաբար՝ նոր ռիսկեր»,-ասաց Ավետիսյանը՝ օրինակ ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները.
«Էկոնոմիկայի նախարարն այսօրվա իրավիճակում խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների մասին: Սա եթե այդքան վտանգավոր չլիներ ներդրումային միջավայրի համար, կարելի էր նույնիսկ համարել ծիծաղելի: Եթե սա ասում է Էկոնոմիկայի նախարարը և լուրջ դեքով, վտանգավոր է, որովհետև հնարավոր ներդրողներն այդպիսի գնահատականը համարում են իրավիճակից կտրված»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ նման օրինակները բազմաթիվ են:
Ըստ Ավետիսյանի՝ պետական բյուջեում դրված կապիտալ ներդրումները, որոնք շատ կարևոր են և կարող են ունենալ բազմապատկիչ էֆեկտ ներդրումների առումով, թերակատարվում են: «Նպատակադրված կապիտալ ծրագրերի կեսից ավելին չի կատարվում: Սա ուղիղ հաղորդագրություն է ներդրողների համար»,-նշեց նա:
Մյուս կարևոր հանգամանքը, տնտեսագետի պնդմամբ, իրական ներդրումների նկատմամբ անտարբերությունն է և պարտությունը պոպուլիզմին:
«Ներդրումային վիճակի ընդհանուր տնտեսական զարգացման թիվ մեկ երաշխավորը պահի թելադրանքով պոռթկումներ է ունենում և նաև բիզնեսին ուղղված կամ անորոշ սլաքներով «փռում է» ասֆալտին, խոստանում է դատաստաններ: Սա ևս բերում է անորոշությունների և ռիսկի աճի»,-նշեց նա:
Հաջորդ բացասական գործոնը ներդրումների ներգրավման տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, երկրում քաղաքական անկայունությունն է:
«Հայաստանում վերջին մոտ 3 տարում գործ ունենք խորը քաղաքական անկայունության հետ, որը պարբերաբար ճգնաժամային պիկեր է ունենում: Այսպիսի իրավիճակում չի կարելի սպասումներ առաջացնել, թե ներդրումներ կլինեն: Մենք տարին փակեցինք երկնիշին մոտ տնտեսական անկմամբ, օտարերկրյա ներդրումները նվազում են, ներդրումային միջավայրը դառնում է առավել ռիսկային, և այսպիսի իրավիճակում նաև այլ գործոններ կան, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են՝ պետական կառավարման բազմաթիվ ձախողումներ, խոստումներ, ու դրանց չկատարում, ինչն արդեն դարձել է օրինաչափություն, պետական պաշտոնյաների կողմից ոչ լուրջ մոտեցումներ, կեղծիք»,-ասաց Ավետիսյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե վերը նշված հանգամանքներին էլ ավելացնենք օբյեկտիվ գործոնները, որոնք երկարաժամկետ են՝ աշխարհաքաղաքական ռիսկեր, պատերազմ, համավարակ ու դրա դեմ պայքարի տապալում, փակ սահմաններ, աշխարհագրական դիրք, պարզ է դառնում այսօրվա իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: