Tert.am-ը գրում է.
Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրում անեն, երբ ներդրողների հետ կատարվող աշխատանքը, իմ համոզմամբ, մեղմ ասած, անբավարար է: Այս մասին ԱԺ նիստին անդրադառնալով կառավարության 2019թ.-ի կատարողականին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ կարևորելով ներդրողներին մեկ պատուհանով սպասարկելը, քանի որ հակառակ պարագայում նրանց համար պայմանները շատ ծանր են լինում:
«Մենք կարծում ենք, որ 2019թ.-ի կատարողականի մասով եղել են լրջագույն բացթողումներ, և դրանք պետք է համալիր քննարկվեն, հետո շարժվենք առաջ»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ներդրումներին՝ Մելքումյանը հղում կատարեց պաշտոնական տվյալներին: «Ուղղակի ներդրումները չեն աճել, իրական հատվածում կազմել են 254 միլիոն դոլար, 2018թ.-ին կազմել է 254.1, 2019թ.-ին՝ 254.5 միլիոն դոլար, այսինքն՝ էական փոփոխություն չի եղել»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե այլ զավեշտալի տվյալ ևս կա: «Եթե անցյալ տարվա ապրիլի 5-ին նայեինք, թե վիճակագրական պետական կոմիտեն ինչ թիվ է ներկայացրել որպես 2018թ.-ի օտարերկրյա ուղղակի ներդրումներ՝ 111 միլիարդ դրամ, հիմա այդ 111 միլիարդը իջել է 74.9 միլիադ դրամ: Ես խոսել եմ վիճակագրական պետական կոմիտեի նախագահի հետ, որը պատասխանել է, թե խնդիրն այն է, որ դրսի բաժնետերերը, որոնք այստեղ ունեն խոշորագույն ընկերություններ, այդ հաշվետվությունը ներկայացնելուց հետո, իբր ներդրումը տարել են: Ո՞նց հասկանանք՝ ամբողջ տարին սպասում են, ներդրումը մնում է այստեղ, հենց ներկայացնում եք տվյալները, սկսում են տանե՞լ գումարը: Սա լրջագույն խնդիր եմ համարում, որովհետև երբ 37 միլիարդ դրամը անհետանում է ներդրումային վիճակագրությունից, պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում»,-ներկայացրեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ