Նոր եթերաշրջան, նոր հաղորդումներ, նոր գաղափարներ և նոր հայտնի դեմքեր. սա գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կարգախոսն է: Հանրային հեռուստաընկերությունն էլ, հավատարիմ մնալով այս սկզբունքին, «Առավոտ լուսո» ծրագիրը համալրել է նոր դեմքերով: Ռուբեն Մուրադյանը և Եվա Զոհրաբյանն այսուհետ կլինեն նոր կարգավիճակում: Նոր նախագծերի և հաղորդավարի պաշտոնի մասին դերասանուհի Եվա Զոհրաբյանը պատմել է BlogNews.am-ին:

«Մինչ «Առավոտ լուսո»-ի հաղորդավարական կազմում ինձ հաստատելը ես մասնակցել եմ քասթինգի, ինչը ինձ համար կարևոր է. այդ ժամանակ եմ միայն հասկանում՝ որքանով ինձ մոտ կստացվի տվյալ նախագծում իմ մասնակցությունը»:

Եվան նշում է, որ դժվարությամբ է առավոտյան արթնանում չափազանց ծանրաբեռված ռեժիմի պատճառով. «Ինձ համար առավոտյան հինգին արթնանալն, իհարկե, բարդ է լինելու, բայց երբեք հեշտ չի տրվում այն ամենը, ինչ դու ուզում ես, պետք է դրա համար շատ աշխատես: Իսկ արթնանալն ինձ համար այդ դժվարություններից մեկն է, որը պետք է հաղթահարեմ»:

Հաղորդավարուհու կարգավիճակում առաջին անգամ է, իսկ ուղիղ եթերը նրա համար չափազանց մեծ պատասխանատվություն է. «Կարծում եմ՝ կհաղթահարեմ, քանի որ աշխատելու եմ պրոֆեսիոնալ թիմի հետ: Իմ գործընկերն Էրիկ Անթառանյանն է։ Հասցրել եմ ընկերանալ նրա հետ, նա էլ ինձ շատ օգնում է և քաջալերում: Նա այս գործում պրոֆեսիոնալ է, ինչն ինձ ավելի է ոգևորում: Մյուս գործընկերներս Ռուբեն Մուրադյանը և Մանե Գրիգորյանն են։ Երբ նայում եմ Մանեին, ոգեշնչվում եմ և հասկանում, թե որքան լավը պետք է լինեմ»:

Շուտով հեռուստադիտողը Եվային նոր նախագծերում էլ կտեսնի. «Սեպտեմբերից Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկում է «Քո սպորտը» նախագիծը, որտեղ տասնմեկ հայտնի և ոչ հայտնի մարդիկ սպորտով են զբաղվելու և անցնեն փորձությունների միջով: Իսկ արդեն հոկտեմբերից «Արմենիա» հեռուստաընկերությամբ իմ մասնակցությամբ կտեսնեք «Դեպի ճամբար» հումորային սիթքոմը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել