Հայտնի առիթով հազար բան գրեցի, ջնջեցի։ Շատ էմոցիոնալ հարց է ինձ համար, բայց փորձեմ առավելագույն սառնասրտությամբ ընդամենը որոշ թեզեր ձևակերպել։

1) Չկա «հայաստանցի-ղարաբաղցի» խնդիր։ Այլևս չկա։ Խնդիրն այլ է, կա արցախասերների ու արցախատյացների հակադրություն։

2) Արցախասերներն այս կամ այն չափով գիտակցում են, որ Արցախի հիմնահարցը վերքաղաքական հարց է, այն հայության ու հայկականության ինքնության հարցն է, և նրանք այս կամ այն չափով պատրաստ են զոհողությունների հանուն Արցախի։

3) Արցախատյացները տանել չեն կարողանում Արցախը, այն ներքուստ համարում են թոթափման ենթակա բեռ, ուստի պատրաստ չեն որևէ զոհողության հանուն Արցախի։

4) Այսօր հայկական իրականության մեջ արցախասերները դեռ էապես գերակշռում են արցախատյացներին, բայց վերջիններիս ազդեցությունը և «համարձակությունը» աճի միտում ունեն։

5) Մեր արտաքին թշնամիները հիմար կլինեին, եթե չփորձեին ուժեղացնել հայկական իրականության մեջ արցախատյաց գաղափարները, իսկ նրանք ամենևին հիմար չեն, ընդ որում՝ ասվածն ամենևին չի նշանակում, որ ԲՈԼՈՐ արցախատյացներին դրսից օժանդակում են։ Ավելին՝ ասվածը չի նշանակում, որ ԲՈԼՈՐ նրանք, ում «մշակում» կամ օժանդակում են մեր արտաքին թշնամիները, գիտակցում են դա. հազար ու մի քողարկման ու միջնորդավորման մեխանիզմ կա։

6) Հավատացած եմ, որ արցախատյացությունը երբեք չի գերիշխի մեզանում, որովհետև այդ գաղափարն ամուլ է ու ոգեզուրկ, իսկ դրա կրողներն էլ պատրաստ չեն անձնական զոհողությունների՝ հանուն այդ «գաղափարի»։

Առայժմ այսքանը։

Հ.Գ. Մի կարևոր նկատառում․ Նիկոլ Փաշինյանին անձնապես չեմ համարում արցախատյաց։ Նրա հետ միայն մեկ անգամ եմ շփում ունեցել՝ 2016-ի աշնանը, Արցախում, ու այդ շփումից ստացել էի «չափավոր» արցախասեր մարդու տպավորություն։ Անկեղծորեն հուսով եմ, որ չեմ սխալվել, ու որ դրանից հետո ոչինչ չի փոխվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել