Այս օրերին Հայաստանի քաղաքական որոշ ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի կողմից պահանջ է ներկայացվել հանրաքվեի միջոցով լուծել Ամուլսարի շուրջ ծագած խնդիրը:
Նոռմալ պայմաններում նման հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարը կարող էր տարօրինակ համարվել, քանի որ անտրամաբանական կլինի հանրությանը պարտադրել ընտրություն կատարելու երկու տարբերակների միջև որոնցից մեկը հանգեցնելու է բնապահպանական լուրջ խնդիրների վտանգելով ապագա սերունդների կյանքը, իսկ մյուսը ըստ իշխանական որոշ աղբյուրների կառավարությանը պարտավորեցնելու է որպես տուգանք վճարել այնպիսի մի ահռելի գումար, որը կարող է անդամալույծ դարձնել կառավարության աշխատանքը, ինչի արդյունքը բանականաբար ժողովուրդն զգալու է իր առօրյա կենցաղում: Այդուհանդերձ ներկա պայմաններում հանրաքվեն կարելի է համարել համազգային հնչեղություն ստացած Ամուլսարի հարցի ամենատրամաբանական լուծումը, որը միևնույն ժամանակ կարող է ծառայել երկու նպատակների:
Հանրաքվեն առաջին հերթին կպարզի Ամուլսարի կապակցությամբ Հայաստանի քաղաքացիների (ժողովրդի) իրական տեսակետը, որին անգամներ վերջին 1,5 տարիների ընթացքում հղում է կատարել ՀՀ վարչապետը:
Միևնույն ժամանակ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից շուրջ մեկ տարի անց հանրաքվեն կարող է պարզել ՀՀ կառավարության և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի իրական ռեյտինգը: Այլ խոսքով Ամուլսարի կապակցությամբ հանրաքվեն կարող է համարվել ՀՀ գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի առաջին (ու չի բացառվում նաև վերջին) լուրջ ստուգատեսը:
Խորհրդարանական համակարգով կառավարվող նոռմալ պետություններում եթե նման հանրաքվեների արդյունքը չի համապատասխանում կառավարության ղեկավարի (վարչապետ) ներկայացրած տարբերակին, վարչապետն ու նրա գլխավորած կառավարությունը ժամ առաջ հրաժարական են ներկայացնում առիթ տալով ղեկավարող կուսակցությանը ներկայացնելու վարչապետի այլ թեկնածու, որը կկարողանա բավարարել հանրության պահանջը: Իսկ եթե հանրաքվեի արդյունքները լինում են խոշոր տարբերությամբ ի վնաս իշխանությունների, խորհրդարանը հրաժարական ներկայացնելով իր երկրի քաղաքացիներին թույլատրում է արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նոր խորհրդարան ու կառավարություն:
Նման իրավիճակ վերջին տարիների ընթացքում անգամներ առաջացել է եվրոպական խոշոր պետություններում, այդ թվում Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, իսկ վերջին շրջանում Միավորված Թագավորությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել