Կառավարության որոշ անդամների պնդումը, որ Ամուլսարը փակելը անպայման վատ կդիտարկվի ներդրողների կողմից այդքան էլ ճիշտ չէ: Դա կախված է նրանից, թե կառավարությունը ինչպես է վերաբերվում Լիդիանին: Արդեն իսկ պարզ է, որ կառավարությունը փորձում է ընդառաջել Լիդիանին ու լուծումներ գտնել, բայց ժողովրդի մի զգալի մաս, հավանաբար մեծամասնությունը դեմ է: Ընթանում է պայքար, և վարչապետը փորձում է ինչ որ բան անել:

Եթե մեկ այլ ներդրող դիտարկում է այս ամենը, նա պետք է եզրակացնի, որ ի դեմս ՀՀ ղեկավարության գործ ունի վստահելի ու պատասխանատու գործընկերոջ հետ: Եթե վերջում պարզվի, որ հանքը փակվում է, դրանից միայն հանքարդյունաբերող ներդրողները կարող են բացասական եզրակացություններ անել և ետ կանգնել Հայաստանում նոր հանքեր բացելու մտքից, որը միայն ողջունելի է: Իսկ ենթադրենք ՏՏ ոլորտի ինչ որ օտարերկյա ընկերություններ Հայաստանում ցանկանում են ներդրումներ անել, նրանք տեսնելով, որ վարչապետը ամեն կերպ փորձեց Լիդիանին փրկել, պետք է որ ավելի վստահ զգա:

Կարծում եմ վարչապետը սա շատ լավ հասկանում է, և իր սրտի խորքում իմանալով, որ Ամուլսարի հանքը պետք է փակվի, այնուամենայնիվ նա փորձում է ցույց տալ, որ դա կամայական որոշում չի լինելու, այլ ժողովրդի կամքով պարտադրված որոշում: Այստեղ թե պետությունն է շահում, թե շրջակա միջավայրը: Իմ պատկերացմամբ սա է հավասարակշռված շահերի պաշտպանում, և այդ դեպքում վարչապետը ճիշտ ուղու վրա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել