Մեզանում գնալով ամեն բան խառնաբնդորվում է, էլ ավելի մեծացնելով երկրումս առկա քաոսի աստիճանը: Մարդկանց, կազմակերպություններին հանձնարարվում են գործեր, որոնցից իրենք գլուխ չեն հանում կամ մարդիկ «վերևներին» հաճոյանալու նպատակով որոշում են նրանց համար «քաղցր-մեղցր» հայտարարություններ անել:
Համաձայն սթափ տրամաբանության, ՀՔԾ-ին պետք է որ հանձնարարված լիներ ստուգել ու հայտնաբերել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, նրա գործունեության հետ կապված կոռուպցիոն դրսևորումները, օրինախախտումները: Փոխարենը ՀՔԾ-ն ժողովրդի առջև հանդես է գալիս ՛՛Լիդիանի՛՛ փաստաբանի դերում և իր գործառույթներին ընդհանրապես չառնչվող բնապահպանական փորձաքննիչի հայտարարություններ է անում, ասելով.
-Ամուլսարի շահագործման ընթացքում 16 կետերը պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
- Ամուլսարի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
- Համաձայն եզրակացության՝ երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցություն կրած ջրերը Ջերմուկ չեն հասնի: Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ևս ազդեցություն չի լինի:
Եղբայր, եկեք ամեն մարդ թող իր գործով զբաղվի…
Շատ վատ է, եթե ՀՔԾ-ն զգալով ՛՛քամիների փչելու ուղղությունը՛՛ ինքն իրենով է որոշել այսպիսի հայտարարությամբ հանդես գալ, սակայն հազարապատիկ ավելի վատթար է վիճակը, եթե նա իր ամենավերադասի հանձնարարությունն է կատարել…
Մեծագույն հարված կստանանք բոլորս, եթե հանկարծ պարզվի, որ մենք սխալվել ենք և ճիշտ էր Նիկոլայ Ռիժկովը…