Ջերմուկցիները շատ էին զարմացել, որ վարչապետն առանց հայտարարելու գալիս է Ջերմուկ։ Այնուամենայնիվ, երբ Փաշինյանի էջում հայտնվեց ուղղաթիռից նկարը, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, թեև աշխատանքային օր ու ժամ էր, շատ արագ հավաքվեցին քաղաքի հրապարակում՝ կարծելով, թե հանդիպում կլինի այդտեղ։ Սակայն որոշ ժամանակ անց տպավորություն ստացվեց, որ եթե բազմաթիվ մարդիկ այդտեղ կանգնած չլինեին, ովքեր թեև ոչ մտադրված, բայց փաստացի փակել էին ճանապարհները, կառավարական մեքենաները չէին կանգ առնի։
Վարչապետին դիմավորեցին "Ամուլսարն առանց հանքի" վանկարկումներով։ Փաշինյանը կարծես շատ ուրախ չէր նման ընդունելությունից։ Փորձեք հնարավորինս կարճ կապել զրույցը, որպեսզի շարունակի իր ճանապարհը։ Ասաց, որ մարդկանց փաստարկները վաղուց է լսել․․․ Կարճ ժամանակ անց նստեց մեքենան, որ գնա՝ անհայտ ուղղությամբ։ Սա շատ զարմացրեց և բարկացրեց մարդկանց, ոմանք մտածում էին՝ թերևս ճիշտ կլինի մեքենայի դիմացը փակել, որ չկարողանա գնալ, բայց դա չեղավ։ Գնաց ինչ-որ շենք (վարչապետի խոսնակի ասելով՝ լրիվ պատահականության սկզբունքով), բարձրացավ տներ, իր ՖԲ էջի միջոցով ուղիղ հեռարձակեց այդ հանդիպումների, որի ժամանակ հիմնականում ինքն էր խոսում ու ասում էր այն, ինչ ուզում էր ասել, պատրաստվել էր նախապես։ Ապա գնաց նորաբաց հյուրանոցներից մեկը։
Փողոցում կարճատև հայտնվելիս Փաշինյանը միշտ լսում էր "Ամուլսարն առանց հանքի", երբեմն էլ բացասական վանկարկումներ փոխվարչապետ Ավինյանի հասցեին։
Քաղաքում հավաքված մարդիկ պարբերաբար արտահայտում էին իրենց զայրույթը առ այն, որ Փաշինյանն իրենց թողեց դրսում կանգնած, ինքն էլ բարձրացավ շենքեր՝ մեկ-երկու ընտանիքի հետ զրուցելու։ Երբ Փաշինյանը եկավ հրապարակ ու բարձրացավ բեմահարթակ, մթնոլորտը փոխվեց, մարդիկ ավելի հանգստացան ու դրական տրամադրվեցին։ Փաշինյանն էլ կարծես ավելի նմանվեց ինքն իրեն ու ավելի անկեղծ սկսեց խոսել։ Հետո եղավ նաև փակ հանդիպումը, որի ընթացքում, ինչպես իմացանք, առանձնակի նորություններ չեն հնչել, երկու կողմերն էլ հաստատել են այն, ինչ նախկինում են ասել։
Սա ընդհանուր Ջերմուկում տիրող մթնոլորտի մասին։ Իսկ թե ինչ ելույթներ ունեցավ և ինչ ասեց, շատերդ լսել եք, կարող եք ինքնուրույն դատել։