Հուլիսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Հիշեցնենք, որ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրանից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ, Կասպից ծովում հայտնաբերվել էին կործանիչի բեկորներն ու «սև արկղերը»:

«Սև արկղի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վթարից առաջ այն օդում բախվել է օտար մարմնի (ենթադրաբար՝ թռչնի կամ թռչունների երամի)», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՊՆ-ից հայտնել են, որ «Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 ինքնաթիռի «սև արկղից» ստացված տեղեկություններն ուսումնասիրվել և վերլուծվել են փորձագետների կողմից»: 

ՄիԳ-29-ը վթարի էր ենթարկվել հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ին, Կասպից ծովի վրայով գիշերային ուսումնամարզական թռիչքի ընթացքում: Ինքնաթիռի օդաչուի դին հայտնաբերվել է օրերս՝ դեպքից գրեթե մեկ ամիս անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել