Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական տարատեսակ խնդիրներով, Ադրբեջանը և Թուրքիան նոր տարածաշրջանային նախագծեր են ծրագրում: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեթ Ջահիդ Թուրխանը հայտարարել է, թե նախապատրաստում են Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը: Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա բոլոր տարածաշրջանային ծրագրերից, և հետևողականորեն այս հանգամանքը փորձում է օգտագործել նաև Արցախյան հակամարտության շրջանակում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:
Կարծում եմ, որ թուրք-ադրբեջանական խոշոր ենթակառուցվածքային նախագծերի կյանքի կոչումը իր հետ բերում է Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերի էլ ավելի ամրապնդման, որը չի կարող բխել մեր տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող մյուս երկրների շահերից, ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանը, օգտագործելով նաև ԵՏՄ-ի ընձեռնած հարթակը, համապատասխան աշխատանքներ տանի, որպեսզի հնարավոր լինի Հայաստանն ընդգրկող խոշոր նախագծեր կյանքի կոչել: