Արցախը Հայաստանին միացնող 3-րդ՝ այլընտրանքային ճանապարհի՝ Կովսական-Միջնավան-Կապան-Գորիս միջպետական մայրուղու կառուցման թեման լուրջ անհանգստություն է առաջ բերել Ադրբեջանում: Դրա մասին է վկայում Ադրբեջանի ԱԳՆ-ի ցավոտ արձագանքը, թե «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
Բաքվի անհանգստությունը լիովին հասկանալի է, քանի որ Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու տեսանկյունից: Բացի այդ՝ Արցախի հարավային՝ արաքսամերձ գոտին և ՀՀ Սյունիքի մարզն այս ճանապարհով ավելի հեշտ ու կարճ ժամանակում կարող են մտնել ազատ առևտրային դաշտ և լայն հնարավորություններ ստեղծել տնտեսական գործունեության համար։
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման մասին դեռևս մեկ տարի առաջ հայտարարել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ուստի ելնելով նոր ճանապարհի առանձնահատուկ նշանակությունից՝ անհրաժեշտ է այն կառուցել հնարավորինս սեղմ ժամկետներում: