Ավելի քան 2 ամիս Պարսից և Օմանի ծոցերում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված մի քանի նավթակիր նավերի դեմ տեղ գտած առեղծվածային հարձակումների, հետապնդումների, ձերբակալությունների փաստերով, ձևավորել է այնպիսի տրամաբանություն, որ եթե նշված և հարակից ջրային տարածքներում որևէ ոչ իրանական ծագման նավթակրի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա մեղավորն Իրանն է:
Այսպես՝ հուլիսի 13-ին տարածված տեղեկատվության համաձայն՝ նույն օրը Հորմուզի նեղուցում «անհետացել էր» Պանամայի դրոշով ենթադրաբար ԱՄԷ-ին պատկանող Riah նավթակիր նավը. այն կորել էր ռադարների տեսադաշտից, կտրվել էր անձնակազմի հետ կապը:
Վերոնշյալ տրամաբանության համաձայն՝ ի սկզբանե նավը ձերբակալելու մեջ մեղադրվեց Իրանը՝ հանձինս ԻՀՊԿ ծովային ստորաբաժանումների հետագայում Ջիբրալթարում բրիտանացիների կողմից ձերբակալված սեփական նավթակրի հետ փոխանակելու նպատակով, մինչդեռ ավելի ուշ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավիի հայտարարության արդյունքում պարզ է դարձել, որ նշված նավթակիրը տեխնիկական անսարքության պատճառով դադարեցրել էր ընթացքը, որից հետո՝ իրանական նավերի կողմից բուքսիրով հասցվել Իրանի նավահանգիստներից մեկը: Այդուհանդերձ, փորձագիտական շրջանակներում դեռևս կասկածելի է մնում այն հարցը, թե ինչու է կտրվել անձնակազմի հետ կապը, որը տեխնիկական անսարքության հետ կապ ունենալ չէր կարող:
Հատկանշական է նաև, որ ցայժմ չի հայտնվել նավթակրի իրական սեփականատերը, իսկ ԱՄԷ-ն պաշտոնապես հայտարարել է, որ նավն իրեն չի պատկանում, իսկ նավաստիների մեջ էլ չկան Էմիրությունների քաղաքացիներ: