Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր - 2,5 բաժակ
  • սոդա - 1թ/գ
  • աղ - 1 պտղունց
  • կարագ - 200 գ
  • ձվի դեղնուց - 4 հատ
  • շաքարավազ - 0,5 բաժակ
  • կակաոյի փոշի - 0,5 բաժակ
  • Միջուկի համար՝
  • ջեմ - ըստ ճաշակի
  • օսլա (крахмал) - ըստ ճաշակի
  • ձվի սպիտակուց - 4 հատ
  • շաքարավազ - 0,5 բաժակ
  • Ինչպես նաև՝
  • շաքարի փոշի - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, ավելացնում ենք կտրատած, սառեցրած կարագը։ Ձեռքերով խառնում ու վերածում ենք փշուրանման զանգվածի, ապա ավելացնում ենք աղը։
Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև սպիտակ զանգված ստանանք։
Ստացված երկու զանգվածները խառնում ենք։

Խմորը բաժանում ենք երեք մասի, որոնցից մեկին ավելացնում ենք կակաոյի փոշին ու վերածում խմորագնդի։

Սպիտակ գնդերից մեկը պահում ենք սառնարանում, իսկ մյուս երկուսը՝ մոտ մեկ ժամ սառցախցիկում։
Ձևամանը (բացովի) պատում ենք կարագով: Եթե սովորական ձևաման է, ապա յուղաթղթից ստանում ենք 3-4 սմ լայնությամբ շերտեր ու երկարությամբ, ձյունիկի տեսքով ամրացնում ձևամանի հակառակ կողմում։ Պետք է յուղաթուղթն այնպիսի երկարությամբ կտրել, որպեսզի եզրերը ձևամանից դուրս մնան։ Սա կօգնի թխվածքը հեշտությամբ դուրս բերել։

Սառնարանում պահված սպիտակ խմորագունդը բացում ենք, տարածում ձևամանի երկայնքով։ Մի քիչ եզրեր ենք թողնում և պատառաքաղի օգնությամբ անցքեր բացում։

Պատում ենք ջեմով, իսկ վրան շաղ ենք տալիս կարտոֆիլի օսլա։ Այնուհետև քերիչով անցկացնում ենք շոկոլադե խմորագունդը։

Սպիտակուցները շաքարավազի հետ հարում ենք այնքան, որպեսզի ստանանք պինդ զանգված։
Կարկանդակը պատում ենք սպիտակուցային զանգվածով։

Սառցախցիկում պահված սպիտակ խմորագունդը քերիչով անցկացնում ենք ու լցնում ենք կարկանդակի վերին շերտի վրա։

Թխում ենք 40-45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո վրան շաղ ենք տալիս շաքարի փոշին ու մատուցում ենք։

Համեղ պիրոգը պատրաստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել