Antifake.am-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 15-ին, «Իրավական ուղի» ՀԿ-ն հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ տեղ գտած Հայաստանի Հանրապետությում տեղի ունեցող գործընթացներին վերաբերվող նկատառումները, որում անդրադարձ կա նաև վեթինգին։  Այս մասով արձանագրության մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում»։

Տարածվող փաստաթուղթը թեժ քննարկումների առիթ դարձավ, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջին 6-7 ամիսների ընթացքում խոսում են դատաիրավական բարեփոխումների նպատակով վեթինգը որպես անցումային արդարադատության գործիք կիրառելու անհրաժեշտության մասին։ Իսկ իշխանության ներկայացուցիչները և նրանց աջակիցները յուրաքանչյուր հնարավոր առիթ օգտագործում են դրա կարևորությունը հիմնավորելու համար։ Վերջիններս՝ վեթինգի կիրառման քննադատություների, դրա վտանգների և դրա շուրջ առկա մտահոգությունների կապակցությամբ որպես հիմնավորում բերում են միջազգային կառույցների աջակցությունը։

Դեռևս մայիսի 27-ին 168.am-ում հրապարակված հոդվածի կապակցությամբ, որի համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը armenpress.am-ին փոխանցել էր, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները։

Ավելի ուշ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի բովանդակությունից պարզ դարձավ, որ նամակում որևէ նշում չկա Հայաստանի իշխանություններին վեթինգի գործընթացում աջակցելու մասին, այլ խոսքը վերաբերվում է բացառապես Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ աջակցություն ցույց տալուն։

Սրան անդրադաձավ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ «ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել»։

Թեմային անդրադարձ էր կատարել նաև AntiFake.am-ը՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակում որևէ անդրադարձ չկա վեթինգի գործընթացին աջակցելուն։ Ուստի՝ Վլադիմիր Կարապետյանը ստում է։

Չընդունելով բովանդակային քննադատությունն ու իր սխալը՝ վարչապետի խոսնակը վիրավորական արտահայտություններով ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ կրկին նշելով, որ «… [Վենետիկի] հանձնաժողովը օժանադակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․։»։

Արդեն երեկ հրապարակված Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության բովանդակությունից պարզ դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը դատավորների համընդհանուր վեթինգը համարում է ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար և որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին, ինչի վերաբերյալ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի իշխանությունների հետ։

Այսպիսով՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նպատակ ունենալով ամեն գնով հիմնավորել վեթինգի անհրաժեշտությունը և այդ հարցում միջազգային կառույցների կողմից ունեցած աջակցությունը, լրատվականներին տված մեկնաբանություններում և իր ֆեյսբուքյան էջում խեղաթյուրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի բովանդակությունը և ներկայացրել, թե վեթինգի հարցում կա Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը։ Մինչդեռ, երեկ պարզ դարձավ, որ Վենետիկի հանձնաժողովը ոչ միայն չի աջակցում վեթինգին, այլ այն համարում է ոչ անհրաժեշտ և ոչ օգտակար։ Ուստի՝ Վլադիմիր Կարապետյանը ստել է այս հարցում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել