Անցած 2 օրերին Իսրայելում իրավիճակը բավական թեժ է եղել. այս անգամ պատճառը պաղեստինցիները չէին։
Հուլիսի 3-ից Իսրայելի տարբեր բնակավայրերում չեն դադարում եթովպացի ներգաղթյալների՝ տարբեր մասշտաբներով բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են անկարգություններով, վանդալիզմի դրսևորումներով, իրավապահների հետ բախումներով. տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել ավելի քան 110 մարդ, որոնց թվում գերակշռում են իրավապահները: Ձերբակալվել է շուրջ 7 տասնյակ ցուցարար, իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու խնդրանք-հորդորով են հանդես եկել Իսրայելի վարչապետն ու նախագահը:
Ստեղծված լարվածության պատճառը Կիրյատ Հայիմ քաղաքում քաղաքացիական հագուստով ոստիկանի և եթովպացի երիտասարդների միջև վեճի ընթացքում իրավապահի կողմից 19-ամյա Սոլոմոն Տակայի սպանության դեպքն է, որը ոտքի է հանել Իսրայելի ողջ եթովպական համայնքը:
Ի դեպ, Իսրայելի եթովպական համայնքի թվաքանակը հասնում է շուրջ 149 հազարի, կենսամակարդակով և ինտեգրման աստիճանով այն բավական վատթար վիճակում է:
Իսրայելում առկա ներքաղաքական անորոշության ֆոնին ստեղծված իրավիճակը հավելյալ բարդություններ է առաջացնում վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար, ով սեպտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձգտում է հնարավորինս ընդլայնել սեփական ընտրազանգվածը: