Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:
Լեոնիդ Կալաշնիկովը բարձր գնահատեց երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված ջանքերը՝ առանձնահատուկ ընդգծելով Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը երկու երկրների դարավոր բարեկամության համատեքստում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը վերահաստատեց, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով:
Անդրադարձ կատարվեց նաև «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը՝ նշելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Լեոնիդ Կալաշնիկովն, ընդունելով հրավերը, պատասխան այցով կլինի Հայաստանում: