«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19-ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել