Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը:

Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը: Ինչպես ամեն տարի՝ նիստին մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ ու վերլուծաբաններ ավելի քան 100 երկրից: Ֆորումի շրջանակում տեղի ունեցող հանդիպումները գործարարների ու կառավարությունների ներկայացուցիչների համար լավագույն առիթ են՝ կապեր հաստատելու և գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:

Բացելով միջոցառումը՝ Crans Montana Forum-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը դիմել է Հայաստանի նախագահ Սարգսյանին. «Մեծ պատիվ է ընդունել Ձեզ, որովհետեւ Դուք մեկն եք նրանցից, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անել, որ աշխարհում իրավիճակը բարելավվի, և արդյունավետ քայլեր կատարվեն ժողովուրդների համար»:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հեղինակավոր ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ նշելով, որ արդեն 30 տարի է, ինչ այն մեկ հարկի տակ է հավաքում անվանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, առաջնորդների և գործարարների՝ քննարկելու աշխարհի ներկային ու ապագային վերաբերող մարտահրավերները: «Երեսուն տարին կարճ, բայց միաժամանակ հսկայական ժամանակահատված է,-ասել է նախագահը:- Այս երեսուն տարում աշխարհը հսկայական փոփոխությունների է ենթարկվել՝ կայսրություներ են փլուզվել, նոր երկրներ են ստեղծվել: Այս 30 տարում միգուցե հարյուրամյակի կյանք ենք ապրել: 

Այնպես որ, շնորհավորանքներս ֆորումին այս ձեռքբերման՝ 30 տարի իրական քաղաքականությունում լինելու համար և հուսով եմ, որ մի հրաշալի օր այս ֆորումը Հայաստանում նույնպես կանցկացվի»:

Անդրադառնալով համաժողովի հիմնական հարցին, թե արդյո՞ք խաղաղությունը, զարգացումը և կայունությունն այլևս երազանք են դառնում, նախագահ Սարգսյան ասել է, որ այդ հարցին իր պատասխանը «ոչ» է: «Որպեսզի խաղաղությունը, զարգացումն ու կայունությունը երազանք չդառնան և լինեն իրականություն, մենք բոլորս դրանց մաս պիտի դառնանք, պիտի հավատանք, որ ամեն օր շարժվում ենք խաղաղության ուղղությամբ և զարգացումն անշրջելի է, իսկ կայունությունը՝ հասանելի: Կարծում եմ՝ առաջին հերթին ինքներս պետք է սկսենք փոխվել: Որպեսզի վերադառնանք դեպի խաղաղություն, զարգացում և կայունություն, պետք է մի պարզ բան գիտակցենք՝ այս աշխարհն ուրիշ է: Այն ուրիշ է, քան 30 կամ 50 տարի առաջ էր: Այն ուրիշ է ոչ միայն այն պատճառով, որ Բեռլինյան պատը փլուզվել է, որ սառը պատերազմը դադարել է, կամ որ ֆինանսական ճգնաժամեր կամ մի շարք կարևոր իրադարձություններ են կատարվել, այլև՝ այն կարևոր պատճառով, որ մենք թևակոխել ենք 21-րդ դար: Ոմանք այն անվանում են չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն, սակայն ես այն անվանում եմ սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան, երբ տեխնոլոգիական հեղափոխությունները տեղի են ունենալու ամեն օր, ամիս, տարի։ Մեր կյանքը շատ արագ է փոփոխվելու»։ 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ իրականում մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, որտեղ նաև արագ տեմպով տեխնոլոգիաներն են փոխվում ու զարգանում: «Մենք կանգնած ենք նոր աշխարհի դարպասների մոտ, որտեղ բնակվող 7 մլրդ մարդկանց միջև կա 55 մլրդ կապ։ Մեզնից յուրաքանչյուրը միջինն ունի 7-9 կապ համացանցի հետ։ Վաղն այն կդառնա տասը, ապա՝ տասնհինգ… Սա մի աշխարհ է, որտեղ զվարճանքն ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Խաղի կանոնները փոխվել են: Մենք պետք է սկսենք մտածել՝ ինչպես ապրել այս նոր աշխարհում, քանի որ այս տարիների ընթացքում մեր կողմից փայփայված շատ հիմնարար գաղափարներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, պետք է վերաբերվենք որպես խաղի, ոչ թե այն պատճառով, որ դրանք պակաս արժեքավոր են, այլ՝ պարզապես տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գործի է դրվում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ՝ ամեն օր՝ «Ֆեյսբուք»-ի, «Թվիթեր»-ի միջոցով։ Հասարակությունն ամեն օր իր արձագանքն է տալիս»։ 

Արմեն Սարգսյանի խոսքով՝ աշխարհը, որտեղ մուտք ենք գործում, բացարձակ տարբեր է լինելու, ուստի պետք է փոխենք ինքներս մեզ, պետք է հստակեցնենք 21-րդ դարում մեր մարդկային արժեքները: «Եվ երբ դա անենք, այլևս չենք վախենա ամենօրյա փոփոխություններից, անկանխատեսելի աշխարհից, քանի որ դա թույլ կտա հասկանալ, թե ինչպես կանխատեսել ու գործել նոր աշխարհում»,- նշել է Հայաստանի նախագահը՝ ավելացնելով. «Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ընդունենք, որ աշխարհն այլևս այլ է։ Եվ այն տարբեր է լինելու ամեն օր։ Արժեքը, որը կարևոր է լինելու մեզ համար, փոփոխությանն ադապտացվելու կարողությունն է։ Փոխվել ոչ թե տասը կամ հարյուր տարին մեկ, այլ ամեն օր, քանի որ աշխարհն այդպիսին է:

Ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև որպես հայ ու պարզապես մարդ՝ ես հավատացած եմ, որ այս նոր աշխարհում փոքրը կարող է լինել հաջողակ։ Հատկապես այս նոր աշխարհում, որտեղ խոշորագույն ընկերությունները ոչ թե բնական ռեսուրսների ընկերություններն են, այլ Apple-ը, Facebook-ը և շատ այլ ՏՏ ընկերություններ։ Մենք մի ժամանակաշրջան ենք մուտք գործում, որտեղ ստարտափի գաղափարը կարող է լինել ավելի հզոր, քան որևէ այլ բան։ 

Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Մենք պատրաստ ենք 21-րդ դարին, քանի որ ունենք համաշխարհային ցանց։ Հայաստանը տքնաջան աշխատող մարդկանց երկիր է, մի ժողովուրդ, որը կարող է նոր տեխնոլոգիաներ բերել իր երկիր։ Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը կարող է լինել ոչ միայն գերտերությունների, այլև նրանց ժամանակաշրջանը, ովքեր, լինելով փոքր, հաջողակ են։ Հայաստանի նման երկրների համար կարևոր է ունենալ առաքելություն։ Այն համախմբում է մարդկանց։ Իմ երկրի առաքելություններից մեկը լինելու է աշխարհում արհեստական բանականության ու տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր լինելը։ Փոքրը կարող է լինել գեղեցիկ։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, այն կարող է լինել նաև հաջողակ։ Ես շատ լավատես եմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել