Ամենաբարձր իրավունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի- դա իր ծնող ժողովուրդը առաջնորդնելն է: Քչերին է տրվում այդ իրավունքը, և շատ քչերն են արդարացնում դա:
Ո՞վ, սակայն, իրավունք ունի մի ժողովրդի ճակատագիրը վարել:

-Նա՛, ճակատագրի ընտրյա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» - ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնության գիտակցությունից «գունատ», ապա օժտված ժողովրդի համար ամեն վայրկյան մեռնելու կամքով:
Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:
Որի՞ն հետևել - ահա՛ հարցերից ամենաճակատագրականը, որի՞ն - Նազովրեցո՞ւն, թե՞ Բիվխներին, Էմերսոնի՞ն, թե՞ Մարքսին, Մամիկոնյանների՞ն, թե՞ հայ մտավորականության քաղաքականապես անկապաշտ մասին:
Առաջինները- ոգու հսկանե՛ր - քո մեջ կապրեցնեն աստվածայինը, վերջինները՝ մարդկորեն անասնականը. առաջինները քո մեջ կմշակեն իդեալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն:   
Ճշմարիտ մտավորականություն, ասել է՝ ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը:

Ստամտավորականություն է, եթե այդպիսին չէ:
Ուր ճիշտ մտավորականությունը առաջնորդի իր դերի մեջ չէ, այնտեղ կույր է ժողովուրդը, նաև՝ պառակտված:
Մեր կյանքում դեռ զորաշարժի ենթարկված չէ ճշմարտությունը ստամտավորականության պատճառով, հայությունը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը - դա հոգեվերանորոգված հայ անհատն է:
Ժողովուրդները հաճախ տառաապում են հոգե-զգացական կուրությամբ - մա՛յրը ամեն կարգի ներքին տկարությունից ու բախումներից:
Ճշմարիտ մտավորականությա՛ն է ընկնում՝ բուժել այդ կուրությունը իրենց ժողովրդի մեջ մշակելով բարոյական առաքինություններ - ճշմարտասիրություն, արդարամտություն, մեծահոգություն:
Քաղցրորեն ստել ու կեղծել իր ժողովրդին՝ մանիլովշչինա՛ - ահա՛ հայրենաքանդ այն տկարությունը, որով բռնված է հայ մտավորականության իմաստորեն կույր և անցեղաշունչ մասը:


Ժողովուրդները հաճախ ունակաբար ենթարկվում են նաև իրենց փախավեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:
Ուր զորավոր առաջնորդ չկա, այնտեղ ոգու կյանք չկա, իսկ ուր այդ վերջինը չկա, այնտեղ խանդավառներ, մարտիկներ, գերզոհաբերողներ չեն ստեղծվում:
Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:
Այն մտավորականությունը, որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու ժողովրդի տառապանքի - կեղծ և անպտուղ մտավորականություն է:
Չկա ավելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտությանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդեպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամփաներով հաջողում է տարբեր ուղղություն տալ ժողովրդի ցասումին` մղելով նրան՝ իր դժբախտության պատճառները փնտրելու իրենից դուրս:  Ուրիշ ազգերի կյանքում հաճախ մի դժբախտությունը գալիս է խափանելու մի ուրիշը, ուրիշնե՛րը: Մեզ մոտ ընդհակառակը, ամեն դժբախտություն դառնում է պատճառը նորի, նորերի՛:
Պատմությունը վկայում է, որ իր դժբախտությունների պատճառները գիտակցող ժողովուրդը ավելի հաճախ է կրում իրեն վիճարկված դառնության բաժակը և հեշտությամբ հաղթահարում չարիքը:
Ավելի՛ն, նմանի համար ամեն մի ձախորդություն գալիքի մի նախազգուշացումն է: Միայն նմանին է հաջողվում հարվածախույս լինել:
Երբ ժողովուրդը ծուռ խղճմտանքի տեր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտությունների պատճառներին, իր ամեն մի պարտությունից հետո նա դառնում է նաև պարտվողական, որ ասել է՝ ատակ և արժանի նորանոր պարտությունների:
Առաջնո՞րդ ես, ուրեմն` եղի՛ր ազնիվ, ազնիվ եղի՛ր, էլի՛ ազնիվ՝ խղճմտանքիդ հանդեպ - դա ճակատագրական նշանակություն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:
Մի ժողովուրդ ցեղորեն այնքան արթուն է, որքան դա զգայուն է դեպի իր մարգարեների, իր ընտրանիի կանչերը:
Հայ մտավորականի ամենավտանգավորը՝ նա՛, ո՛վ փարիսեցիների և դպիրների նման լավ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում:
Զորավոր և օրհնաբեր է այն առաջնորդը, որի կամքը օժտված է իր ցեղի ամենադրական հատկություններով:
Հոգևոր կյանքի անատակ մարդուն տրված չէ՛ գերագույն նպատակի համար աշխատելու, զոհաբերելու, մեռնելու քաղցրությունը: Նմանը չէ՛ կարող առաջնորդ լինել:
Ժողովուրդները չունեն ավելի մեծ թշնամի, քան կրոնապես պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշվապաշտ զորականը: Խորագույն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյակացնում մարդուն իբրև անհատ և հավաքականություն:
Մտքի անշարժություն, քարացում - երբ ա՛յդ է մտավորականությունը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղված են դեպի գերեզմանատուն:
Միայն մեծ առաջնորդներին է հաջողվում իրենց կամքի ողջ ուժականությունը փոխանցել իրենց ժողովուրդներին, առավելապես նրանց երիտասարդ սերունդներին: Եվ հենց դրանով են վերանորոգվում զանգվածները` վերածվելով մի բարոյական ընդհանրության, միակամ և միուղի ազգի:
Նախ հասցնել մի մեծ սերունդ - մե՛ծ իր պաշտամունքով և ատելու կարողությամբ - և նրա միջոցով իրագործել իր պատմական առաքելությունը. այսպե՛ս է գործում ճշմարիտ առաջնորդը:
Միջազգային առաջնորդության մասին խոսում են անհուսորեն տգետները միայն: Պատմությանը դեռ անծանոթ է նմանը: Առաջնորդը - իբրև տվյալ ազգի կուլտուր-ընկերային գործառույթների կիրառիչ - միշտ էլ երևան է գալիս ազգային կնիքով:
Ազգային գաղափարը միշտ էլ նոր է և հավիտենապես արդիական: Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտավորականությունը, դա առաջնորդելու իրավունք և կարելիություն չի ունենա:
Փառասե՞ր է առաջնորդը - փառասեր է ճշմարիտ ամեն առաջնորդը - այդ ոչի՛նչ, բավական է որ նա իր ազնվական ու ստեղծագործ փառասիրությանը միացնում է իր  շարժիչ միտքն ու մեծ սիրտը, բավական է, որ խաչ կա իր ուսին:
Նմանի համար չէ՛ կոմպրոմիսը, նա վախ չունի հալածանքից և բնավ հաշվի չի առնում, թե իր սկսած պայքարում ո՞վ է իր հետ, ո՞վ՝ իրեն դեմ: Նրա առաջին թշնամին է կազմակերպված միջակությունը՝ հանձին զանգվածների տգիտության և տկարության քվեներով ընտրված իշխանությունը:
Երբ մի ժողովրդի մեջ ճշմարիտ առաջնորդի երևումը ցնծության, փառաբանության և պաշտամունքի փոխարեն արժանանում է օձաթույն նախանձի, թշնամանքի ու մատնության, պետք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:

«Ռազմիկ», 1941թ., թիվ 3
Գարեգին Նժդեհ, «ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ»
ՀՀԿ, 2003թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել